Մատչելիության հղումներ

Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում Դանիբեկյանին․ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում, Երևան, 7-ը հոկտեմբերի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում, Երևան, 7-ը հոկտեմբերի, 2019թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը:

Նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։ Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել, և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։

Պաշտպանական կողմի մյուս փաստաբանները ևս միացան դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը: Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, այն կհրապարակվի այսօր ժամը 16:45-ին:

Անցած ամիս դատարանը մերժեց երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու, նրան գրավի կամ չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակելու՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

XS
SM
MD
LG