Գրիգորյանը կարճ ճեպազրույց ունեցավ այսօր Երևանում մեկնարկած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում, որին ներկա էին ԵՏՄ անդամ բոլոր երկրների փոխվարչապետերը:
«Ազատության» հարցին, թե արդյոք հաջորդ տարի բարձրանալու է գազի գինը, փոխվարչապետը պատասխանեց․ - «Չեմ կարող դեռ պատասխանել այդ հարցին: Հույսով ենք, որ ոչ»:
Երևանում է Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Անտոն Սիլուանովը: Որոշեցինք նրանից նույնպես հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գազի շուրջ բանակցությունները Երևանի ու Մոսկվայի միջև:
Ռուսաստանցի պաշտոնյան ակնհայտորեն հակված չէր պատասխանել լրագրողների հարցերին:
«Այո, բանակցություններ են ընթանում, գիտեմ, որ մեր Էներգետիկայի նախարարության մասնակցությամբ: Ուստի, [գազի գնի] հարցը կքննարկվի համապատասխան ոլորտային գերատեսչությունների մակարդակում»:
«Ազատության» հարցին՝ Հայաստանին մատակարարվող գազն արդյո՞ք թանկանալու է, Սիլուանովը այսպես արձագանքեց․ - «Գիտեք, չեմ կարող կանխագուշակել, թե ինչ որոշումներ կկայացվեն: Եկեք սպասենք՝ բանակցությունների արդյունքներին»:
Օրեր շարունակ հայաստանյան բեռնատարները հերթի մեջ են Ռուսաստանում՝ «Վերին Լարսի» անցակետի մոտ, ինչը հարուցել է ոչ միայն բեռնափոխադրում իրականացնող, այլև արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունների դժգոհությունը:
2013 թվականից ի վեր, երբ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ հայտարարություն արեց ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, հայաստանյան նախկին իշխանությունները շարունակաբար հայտարարում էին, թե անդամակցությունը ավելի դյուրին կդարձնի հայաստանյան ապրանքների ու ծառայությունների մուտքը ռուսաստանյան շուկա: Մինդչեռ «Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում հայաստանյան բեռնատարները հաճախ բախվում էին և այսօր էլ շարունակում են հանդիպել խոչընդոտների:
Վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ Երևանում է միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով միությունում տարանցման, տրանսպորտային խնդիրներին վերաբերող երևանյան այսօրվա համաժողովին ոչ միայն որևէ հիշատակում չարեց «Վերին Լարսի» ռուսաստանյան կողմում ստեղծված իրավիճակի մասին, այլև թիկնապահների ու օգնականների աջակցությամբ խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Վերին Լարսում» կուտակված հարյուրավոր հայաստանյան բեռնատարների խնդրի մասին խոսեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․ - «Այդ հարցը իրավունք ունի հնչել: Հենց այդ նպատակով էլ պարբերաբար պետք է կազմակերպել նմանատիպ քննարկումներ տարբեր հարթակներում, և ի վերջո բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ և տարիֆներ գաղափարները»:
«Հենց այդ նպատակով էլ այսօր հավաքվել ենք», - կրկնեց Մհեր Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ խնդիրը կկարգավորվի․ - «Իրականության մեջ ԵԱՏՄ-ի թիվ մեկ պրոբլեմը, և դա ոչ միայն Հայաստանի պրոբլեմն է, դա ԵԱՏՄ բոլոր երկրների պրոբլեմն է, որ միասնական տրանցիտային գոտին, միասնական տրանզիտային կարգավորուման գաղափարը ներդրված չի պատշաճորեն, ինչը մենք փորձում ենք անել: Որովհետև ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները, տեղաշարժի կանոնները և շարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ: Հակառակ դեպքում ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ է»:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, «Վերին Լարսի» ռուսական հատվածում խնդիրը ծագել է այն պատճառով, որ Ռուսաստանի իշխանությունները որոշել են կիրառել դեռ 2011 թվականին ուժի մեջ մտած նորմատիվ ակտը:
«Խնդիրը ծագել է առաջին հերթին նրանից, որ գործող նորմատիվ կարգավորումը մեքենաների սռնիների վրա ճնշվածության չափարոշիչների՝ կշռման և հսկման, չէր կիրառվում Ռուսաստանում: Օրենքը կար, նորմատիվ ակտը կար, բայց իրենք չէին կիրառում: Նույն օրենքը կա նաև մեզ մոտ Հայաստանում: Արդյունքում մեր ավտոփոխադրողները հաճախ բեռները բարձում են ոչ հավասարաչափ և գերծանր քաշով: Խնդիրն այն է, որ եթե պետք է կիրառվեր, պետք է նախապես զգուշացներին, որ առաքման կետերում ներկրման կամ արտահանման ժամանակ բեռնաբարձողները հասկանային ինչ են անում: Արհեստական, ըստ էության, դարձավ պրոբլեմ, կուտակումներ օրերով, բարդություններ, որի մասին նաև մեր պատկան մարմինների միջոցով հայտնվել է ռուսականին: Բայց ըստ էության նորմի կիրառում է: Հոկտեմբերի 1-ից ընդհանուր քաշի նորման 40 տոննայից դառնում է 38: Շատերը կրկին չգիտեն, և մենք էլի մի էտապ կունենանք մեկ շաբաթ, երբ որոշ փոխադրողներ թյուրիմացության պատճառով կընկնեն այս կուտակումների ձեռքը կրակը»: