Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյան․ Կառավարությունը խնդիր է դրել մինչև Բագրատաշեն ունենալ հարթ ու որակյալ ավտոճանապարհ


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շրջում էր Լոռու և Տավուշի մարզերում՝ անձամբ տեսնելու՝ ինչպես է իրականացվում պետական միջոցներով ավելի քան 40 միլիարդ դրամի ճանապարհների շինարարությունը:

Մինչև տարեվերջ Հայաստանում կվերանորոգվի 330 կիլոմետր ավտոճանապարհ՝ ինչպես մայրուղիներ, այնպես էլ գյուղական ճանապարհներ։

Նախարար Պապիկյանն «Ազատությանն» ասաց, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել մինչև Բագրատաշեն ունենալ հարթ ու որակյալ ավտոճանապարհ, որը երկար կյանք կունենա․ - «Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցի զգալի հատվածը գտնվում է վատթար վիճակում: Մենք հիմա այդ խնդիրն ենք լուծում»:

Սուրեն Պապիկյանը Վանաձոր - Դիլիջան հիմնանորոգվող ճանապարհը համարեց ամենասպասվածը։ Վերջին ամիսներին վարորդները պարբերաբար ահազանգում էին 20 կիլոմետրանոց ճանապարհի դժվարանցանելիության մասին։ Այսօրվա դրությամբ արդեն ասֆալտի վերին շերտն ամբողջությամբ հեռացված է։ Ճանապարհին աշխատող շինարարները խոստովանեցին, որ ութ սանտիմետր հաստության ասֆալտ երբեք չեն արել։

Միայն Տավուշի մարզում վերանորոգվում է 125 կիլոմետր ճանապարհ։ Մարզպետ Հայկ Չոբանյանը համոզված է, որ դա էական նշանակություն կունենա մարզի տնտեսության համար։ Մարզպետն «Ազատությանն» ասաց, որ ստիպված են լայնամասշտապ ճանապարհաշինություն անել նաև այն պատճառով, որ նախկին տարիներին արված աշխատանքները շատ ցածր որակի են եղել․ - «Երբ սկսեցին ճանապարհաշինական աշխատանքները, առաջին փուլում մենք ունեցանք անորակ հատվածներ, որը հենց իներցիան էր նախորդ տարիների: Եղել են նաև դեպքեր, որ շինարարները հրաժարվել են ուղղակի տենդերից, որովհետև հաշվարկել են, որ իրենց տեխնիկական ռեսուրսները չեն բավարարում, որպեսզի իրենք այդ ծավալներն իրականացնեն բարձր որակով, կամ ընդհանրապես չեն հասցնի իրականացնել բարձր որակով»:

Տավուշի մարզպետի համոզմամբ, աստիճանաբար վերանում է մենաշնորհը նաև ճանապարհաշինության ոլորտում։ Այս տարի Տավուշում ընդգրկված են անգամ ընկերություններ արտերկրից։ Չոբանյանի փոխանցմամբ, աստիճանաբար ստեղծվում են նոր ընկերություններ, որոնք առաջիկայում ավելի կմեծացնեն մրցակցությունն այս ոլորտում։

Նա շեշտեց, որ տարիներ շարունակ ճանապարհների շինարարությունն այս մարզում եղել է «իշխանություններին մոտ կանգնած մարդկանց գերաշնորհը»․ - «Կային մի քանի կազմակերպություններ, որոնց հետևում կանգնած էին կոնկրետ ղեկավարությանը մոտ կանգնած մարդիկ, կամ ուղղակի մարդիկ, որոնք մասնակցում էին Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին: Անուններ չեմ նշի, այդ անունները բավական հանրահայտ են: Այսօր էլ այդ կազմակերպություններից կան, որ բարեբախտաբար արդեն պարկեշտ ձևով աշխատում են»:

Լոռու մարզի Նեղոց բնակավայրում վերանորոգվող 400 մետր ճանապարհի անորակ շինարարության համար տուգանվել են թե՛ շինարարը և թե՛ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունը։ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի հարազատներին պատկանող ճանապարհաշինական ընկերությունը պարտավորվել է քանդել վատ արված ասֆալտն ու նորից անել աշխատանքը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ այսօր շինարարության որակի հարցում շահագրգիռ են նաև համայնքապետերը, քանի որ վատ արված աշխատանքներն ընդունելու դեպքում իրենք են պատասխանատվություն կրելու:

Մարզպետը շեշտեց, որ աշխատանքներում ընդգրկված են տասնյակ շինարարական կազմակերպություններ ինչպես Լոռու, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերից ու Երևանից․ - «Փաստը արձանագրենք, որ Վանաձոր քաղաքում Սամվել Դարբինյանի պաշտոնավարման օրոք որևէ այլ ընկերությունը համայնքային ասֆալտապատման աշխատանքներում որևէ անգամ չի հաղթել: Իսկ հիմա, բնականաբար, որևէ տաբու գոյություն ունենալ չի կարող»:

88-ի երկրաշարժից տուժած Լեռնապատ գյուղ տանող չորս կիլոմետրանոց ճանապարհը խորհրդային տարիներից հետո երբևէ չի ասֆալտապատվել։ Համայնքի ուժերով ժամանակ առ ժամանակ հարթեցրել են, անցանելի դարձրել, բայց խնդիրը հիմնովին այդպես էլ չի լուծվել։ Առաջին անգամ արվող ասֆալտապատումը շուտով կավարտվի: Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ Լեռնապատի ճանապարհի վրա կծախսվի 130 միլիոն դրամ։

Վանաձորում իրականացվում է մեկ միլիարդ 50 միլիոն դրամի շինարարություն։ Քաղաքի կենտրոնական հրապարակն ամբողջությամբ արդեն այս տարվա վերջին կլինի նորացված։

«Նորագույն տեխնոլոգիաներով, լուսաձայնային համակարգով ու յուրահատուկ ոճով շատրվաններ կլինեն Հայքի հրապարակում», - խոստանում է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։ - «Շատրվանները արդեն Փոթիում ա, ամսի 3-ից չինացիք արդեն կգան, կհավաքեն»:

Հայաստանում առաջին անգամ կկառուցվեն գյուղամիջյան ոչ միայն ասֆալտապատ, այլև սալահատակային ճանապարհներ, որոնք ավելի երկարակյաց են։ Տավուշի երկու համայնքում արդեն կառուցվում են այդպիսիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG