«Ես երևի կվերականգնեի այդ չվերթները: Ինձ թվում է՝ այդպես ճիշտ կլինի, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը գիտակցել է՝ Վրաստանի խորհրդարանում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ կատարվածի սադրիչ բնույթը», - «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով, թե հունիսի հայտնի դեպքերի ժամանակ վրացական ընդդիմադիր կուսակցությունը կոպիտ ձևով խափանել էր ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը՝ միաժամանակ ռուսական կողմին մեղադրելով քայլերի մեջ, որոնք թույլ են տվել սանձազերծել ռուսաֆոբական այդ արշավը:
Հարցազրույցում Լավրովն ասել է նաև․ - «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ Ռուսաստանը բարեկամություն անի Վրաստանի հետ»:
Ռուս-վրացական հարաբերությունները սրվել էին հունիսի 20-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այդ տեսարանը դժգոհության ալիք էր բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների: Արդեն հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենասիրված ուղղություններից է:
«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև այն մասին, որ Մոսկվան նախատեսում էր անցած ամռանը չեղարկել մուտքի վիզաները Վրաստանի քաղաքացիների համար: - «Այդ որոշումն արդեն պատրաստ էր, բարդ որոշում էր, սակայն Պուտինը որոշում էր կայացրել մուտքի վիզաները չեղարկելու մասին, որպեսզի մեր ժողովուրդները շփվեն, տուրիզմը զարգանա: Հունիսյան այդ իրադարձություններն, իհարկե, հետ մղեցին ամբողջ գործընթացը», - ասել է Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կփոխվի, քանի որ Վրաստանում՝ «իրենց դիրքերն են ուժեղացնում խելամիտ քաղաքական գործիչները»:
2008թ․ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Վրաստանի այդ ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միակողմանի չեղարկել էր մուտքի վիզաները ռուսաստանցիների համար, սակայն Վրաստանի քաղաքացիների համար մուտքի վիզաները գործում են մինչ օրս:
«Կոմերսանտին» տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը անդրադառնում է նաև ռուս – վրացական պատերազմին: Լրագրողն ընդգծում է, թե ռուս – վրացական պատերազմի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը անհնար է դարձրել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Լավրովի պնդմամբ, այն ժամանակ՝ 2008-ի օգոստոսին, Ռուսաստանը, զորք մտցնելով Վրաստան և ճանաչելով դե յուրե Վրաստանի մաս կազմող տարածքների անկախությունը, մտածել է ոչ թե ՆԱՏՕ-ի մասին, այլ նպատակ է ունեցել փրկել այնտեղ ապրող մարդկանց կյանքը, քանի որ՝ «վրացական բանակի տրամադրությունն այնպիսին էր, որ այդ մարդկանց կարող էին պարզապես կոտորել»:
Ամեն դեպքում, իր հարցազրույցում Լավրովը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Մոսկվային դուր չի գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի սահման և եթե Վրաստանն այդուամենայնիվ դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, հարաբերությունները թե՛ ՆԱՏՕ-ի, և թե՛ Վրաստանի հետ էլ ավելի կվատանան: - «Բայց Ռուսաստանը Վրաստանի դեմ դրա պատճառով պատերազմ չի սկսի», - լրագրողին հանգստացրել է Ռուսաստանի արտգործնախարարը: