Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի 11-րդ տարվա կապակցությամբ, ուր նշված է, որ ռազմական լայնածավալ ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի անքակտելի երկու շրջանները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան:
«Ռազմական ագրեսիան 11 տարի առաջ իրականացվել է՝ ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Դա փորձ էր ուժի միջոցով փոխել ինքնիշխան պետության սահմանները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համակարգին և եվրոպական անվտանգությանն ընդհանրապես», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ Ռուսաստանը մինչև հիմա չի կատարում Եվրամիության օժանդակությամբ 2008-ի օգոստոսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի դրույթները՝ շարունակելով խախտել միջազգային պարտավորությունները:
2008-ին, պատերազմից հետո, Մոսկվան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: