Մոսկվայի Մեշանսկի դատարանն այսօր հետաձգել է մոսկովյան գործի շրջանակներում անցնող ծրագրավորող Այդար Գուբայդուլինի քրեական գործի շուրջ լսումները։ Գուբայդուլինի փաստաբան Մաքսիմ Պաշկովի խոսքով, վաղը՝ չորեքշաբթի դատարանում պետք է դիտեն գործով անցնող տեսագրությունները։
Գուբայդուլինին սպառնում է 2,5 տարի ազատազրկում։
Մոսկվայում հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին տեղի ունեցած հանուն արդար ընտրությունների բողոքի չարտոնված ցույցերին մասնակցել էին հազարավոր մարդիկ, հազարից ավելի մարդկանց բերման էին ենթարկել, ոստիկանությունը և Ռոսգվարդիան բիրտ ուժ էին կիրառել։ Տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել։
Մոսկովյան դատարանները արագացված ռեժիմով դատավճիռներ են կայացնում։ Մոսկովյան գործով, հիշեցնենք, արդեն հինգ մարդ դատապարտվել է երկուսից չորս տարվա ազատազրկման։
Ամենից մեծ արձագանք ստացել է 24-ամյա դերասան Պավել Ուստինովի գործը։
Մոսկվայի դատարանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ուստինովին միայն նրա համար, որ նրան օգոստոսի 3-ին բերման ենթարկելիս Ռոսգվարդիայի աշխատակիցը վնասել է ուսը։ Ընդ որում՝ համացանցում արագ տարածվել է Ուստինովի ձերբակալության տեսագրությունը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է երիտասարդը հեռախոսը ձեռքին հանգիստ կանգնած Պուշկինի անվան հրապարակում մետրոյի կայարանի մոտ, և հանկարծ նրան են մոտենում Ռոսգվարդիայի հինգ աշխատակիցներ և սկսում քաշքշել, Ուստինովն ընկնում է գետնին, իսկ իրավապահները նրան փայտե մահակներով ծեծում են։
Մեղադրող կողմը դատարանում պնդել է, թե իբր Ուստինովը ձերբակալության ժամանակ դիմադրել է իրավապահներին, ինչի պատճառով նրանցից մեկը վնասել է ուսը։
Ուստինովը մեղքը չի ընդունել և հայտարարել էր, թե ընդհանրապես բողոքի ցույցին չի մասնակցել, պարզապես սպասում էր ընկերոջը։ Պաշտպանող կողմն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։
Սա հինգերորդ նման դատավճիռն էր մոսկովյան գործով։ Ուստինովին իրենց աջակցությունն են հայտնել հայտնի դերասաններ, երաժիշտներ, ռեժիսորներ։
Երեկ ֆլեշմոբ էր սկսել դերասան Ալեքսանդր Պալը, նա տեսագրություն է տեղադրել Ինստագրամում, որում մասնավորապես ասում է. «Ձերբակալության տեսագրությունում պարզ երևում է, որ Պաշան որևէ դիմադրություն իրավապահներին չի ցուցադրում և ամենակարևորն այն է, որ այս տեսագրությունը դատարանը հրաժարվել դիտել։ Կարծում եմ, որ դատարանի որոշումը անօրինական է»։
Ֆլեշմոբին է միացել Նիկիտա Եֆրեմովը, ով իր տեսագրությունում նշում է, որ հիշում է, թե ինչպես լրագրողները կարողացան իրենց աջակցությամբ կարճել անմեղ Գոլունովի դեմ գործը։
«Ես հիացած եմ լրագրողներով, կարծում եմ մենք էլ կարող ենք նույնը անել», - ասել է Եֆրեմովը։
Հայտնի դերասանուհի Աննա Չիպովսկայան Ինստագրամում տեղադրած տեսագրությունում ասում է. «Ես սարսափում եմ, որ երիտասարդը դատարանում չի կարողանում ապացուցել իր անմեղությունը, որովհետև դատարանում հրաժարվում են դիտել ձերբակալության տեսագրությունը»։
Դերասան Նիկիտա Կուկուշկինը իր տեսգարությունում կոլեգաններին կոչ է արել չհամագործակցել իշխանությունների հետ Ուստինովի դատավճռից հետո։
Դերասան Պավել Դերևյանկոն իր տեսագրությունում նշել է. «Հինգ երիտասարդներ դատապարտվել են իրական անազատության միայն նրա համար, որ մասնակցել են բողոքի չարտոնված ցույցերին։ Կոչ եմ անում՝ անտարբեր մի եղեք»։
Դերասանուհի Յուլիա Սնեգիրը ասում է, թե չգիտի՝ կօգնի՞ արդյոք այս ֆլեշմոբը Ուստինովին, թե ոչ, սակայն լռել այլևս հնարավոր չէ։ Անմեղ մարդիկ չպետք է լինեն բանտում։
Ֆլեշմոբին միացել են Ալեքսանդր Պետրովը, Իրինա Գորբաչևան, Դանիիլ Կոզլովսկին, Սվետլանա Ուստինովան, Պավել Տաբակովը, Վիկտորիա Իսակովան և նույնիսկ նրանք, ում իշխանությունները, այսպես ասած, սիրում են՝ Մաքսիմ Գալկինը, Քսենիա Սոբչակը։