Մատչելիության հղումներ

Նույնիսկ խորը անհամաձայնության դեպքում ԱԱԾ տնօրենը նման հայտարարություն չպետք է տար. Իրավապաշտպան


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը անձնական խնդիրների հետ է կապում, ասում է՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրենի հայտարարությունը քաղաքական էր:

«Սա առաջին դեպքն է, երբ ԱԱԾ պետը աշխատանքից ազատվելուց հետո հայտարարություն է տալիս։ Սա խոսում է այն մասին, որ նա նույնիսկ չի էլ հասկանում, որ ԱԱԾ պետ է, նույնիսկ խորը անհամաձայնության դեպքում նման հայտարարություն ԱԱԾ պետը չպետք է տա», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Արթուր Սաքունցը՝ շարունակելով․ - «Իսկ սա արձանագրում է, որ ինքը քաղաքական պրոցեսի մասնակից է իրեն ընկալել։ Եթե պարոն Վանեցյանը փորձում է սրանով արձանագրել, որ ինքը քաղաքականության հետ կապված խնդիրներ ունի, ապա ես պետք է հարցնեմ՝ ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը քաղաքականության հետ»:

Ստեղծված իրավիճակում հրաժարականի դիմում գրելը Վանեցյանը որակել է Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ ԱԱԾ տնօրենը չի մանրամասնում, թե ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը։

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը սպասելի էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի համար․ քաղհասարակության ներկայացուցիչը վերջին շրջանում բազմիցս է քննադատել Վանեցյանին:

«Արթուր Վանեցյանի գործունեությունը արդեն վաղուց չէր տեղավորվում ժողովրդավարական տրամաբանության մեջ, որը կարծես թե պետք է երաշխավորվեր և ապահովվեր 18-ի մայիսից հետո։ Արթուր Վանեցյանի գործունեությունը բավականին հակասում էր ժողովրդավարության տրամաբանությանը ու նաև դա երևաց Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստից, որտեղ տեսնում ենք, որ ինքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը քիչ է գլուխ հանում պետականությունից, վատ է տարբերակում առաջնային և երկրորդային հարցերը և այլն: Այսինքն, ինքը համարում է, որ անվտանգության մարմինները ավելի կոմպետենտ են այս հարցերում, քան երկրի քաղաքական ղեկավարությունը», - կարծիք հայտնեց Իոաննիսյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Վանեցյանի հետ, չցանկացավ գնահատական տալ, ասաց՝ հույս ուներ, որ գործը պաշտոնանկությանը չէր հասնի:

Արթուր Վանեցյանը 2000 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել է 2018-ի մայիսի 10-ին։

Հուլիսին վարչապետի որոշմամբ Արթուր Վանեցյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում։

2018-ի սեպտեմբերի 22-ից նա նաև զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։

Վանեցյանը իր պաշտոնանկությանը նախորդած հայտարարությունում խոսել էր պետականաշինության տրամաբանության մասին՝ պնդելով, որ այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ:

Արթուր Սաքունցն ասում է․ - «Պետք է իրենից լրացուցիչ պարզաբանումներ ստանալ, թե ինչ ինքը նկատի ունի սպայի պատիվ ասածով: Իրեն վիրավորե՞լ են անձնապես, թե՞ պետականաշինության իր պատկերացումներին չհամապատասխանելը համարում է որպես սպայի արժանապատվության հետ անհամատեղելի: Բայց, նորից եմ կրկնում, դա նո՞ր էր: Եթե անհամաձայնություն ունեիք, ապա կներեք՝ մեկուկես տարի ունեիք ժամանակ: Բայց ամենից կարևորը՝ գեներալի կոչումը ստանալու ժամանակ ես որևէ անհամաձայնության մասին չլսեցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG