Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ունեցող Յուրի Խաչատուրովը ներկայացավ ՀՔԾ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ մտավ Հատուկ քննչական ծառայության շենք:

«Ազատության հարցին ի պատասխան Խաչատուրովը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով է եկել: Ճշտող հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ որպես մեղադրյալ կներգրավվի գործում, պատասխանեց՝ ոչ:

ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննության ծանուցագիր էր ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, Յուրի Խաչատուրովը 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ունի վկայի կարգավիճակ։

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Վերջին շրջանում «Մարտի 1»-ի գործի՝ նոր թափով վերսկսված քննության շրջանակներում առայժմ մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG