Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի ընտանիքին առնչվող նոր քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման և ապօրինի հարստացման հատկանիշներով:
Իր հաղորդագրությունում նշելով, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 193-րդ («Կանխամտածված սնանկությունը») և 205-րդ հոդվածի («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը») 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շարունակում է.
«Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ:
Լյովա Ազատի Սարգսյանը և վերջինիս դուստր՝ Անի Սարգսյանը, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Արդյունքում՝ ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Բացի այդ, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:
ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը», և 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով՝ «ապօրինի հարստանալը», նոր քրեական գործ հարուցելու մասին:
Ընթանում է նախաքննություն: