Մատչելիության հղումներ

Հետաձգվեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու ԱԱԾ միջնորդության քննությունը


Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի և Խաչատրյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց, դատական նիստը կաշարունակվի վաղը ժամը 1-ին, այս մասին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև նրան եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Նախկին գործընկերոջ քրեական գործին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՊԵԿ ներկայիս նախագահ Դավիթ Անանյանը՝ ասելով, որ իրենք ԱԱԾ-ին որոշ փաստաթղթեր են տրամադրել գործի հետ կապված, բայց չի մանրամասնել, թե խոսքն ինչ փաստաթղթերի մասին է։

«Ազգային անվտանգության ծառայության քննչական գործողություններ իրականացնող մարմինը, նախաքննության մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք է բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում Պետական եկամուտների կոմիտեից։ Այդ փաստաթղթերի, վկաների, տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման և մեղադրանք է առաջադրել», - նշեց Անանյանը։

Հարցին, թե իրենք նախաքննական մարմնին առջակցե՞լ են, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Եթե համարում եք, որ փաստաթղթեր պահանջելը և մեր տրամադրելը աջակցություն է, այո, աջակցել ենք»։

Գագիկ Խաչատրյանը 2008 թվականից սկսած զբաղեցրել է, ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսաների նախարարությունը, որը ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարար»:

Խաչատրյանը դեռ տարեսկզբին, մեկ այլ նախաքննական մարմնի՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով արդեն մեղադրյալի կարգավիճակ ուներ և չհեռանալու ստորագրություն էր տվել։

XS
SM
MD
LG