Մատչելիության հղումներ

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրել թմրամիջոցի հանգամանքը պարզելու համար


Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել. նա հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հաղորդում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։

Վարույթն իրականացնող մարմինը փետրվարի 4-ին մասնակիորեն բավարարել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը՝ որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի կողմից թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար:

«Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վահան Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, ըստ նրա, պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են», - ասված է նրանց հայտարարությունում:

Ինչ վերաբերում է Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելուն, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների, Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:

Վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, հիշեցնենք, ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հաջորդ դատական նիստը մարտի 15-ին է:

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է անցած տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: ​Ջուլիետա Ղուկասյանը մավան գործով ​ձերբակալվել է​ 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը և դեպքից 8 օր անց միայն նրան մեղադրանք է առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG