Մատչելիության հղումներ

Փորձագետները կասկածի տակ են դնում ՄիԳ-29-ի կործանման պատճառի մասին Բաքվի պաշտոնական վարկածը


Կործանված ինքնաթիռի «սև արկղը»
Կործանված ինքնաթիռի «սև արկղը»

Ադրբեջանի ռազմական փորձագետները կասկածի տակ են դնում պաշտոնական վարկածը, ըստ որի` ՄիԳ-29-ի կործանման պատճառը թռչունի հետ բախումն է:

Շուրջ մեկ ամիս տևած հետաքննությունից և որոնողական աշխատանքներից հետո Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե հուլիսի 24-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ օդանավի հետ կապի հանկարծակի ընդհատման պատճառը օդում ճախրող թռչուններն են, որոնց հետ բախման հետևանքով օդանավը անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը:

«Օդանավը ծովն ընկնելուց առաջ բախվել է օտար օբյեկտի՝ թռչնի կամ թռչունների երամի, ինչի հետևանքով օդաչուն վնասվածքներ է ստացել: «Սև արկղի» տվյալների համաձայն, օդաչուն փորձել է վերականգնել օդանավի կառավարումը՝ վթարը կանխելու համար, սակայն ծանր մարմնական վնասվածքները դա անհնարին են դարձրել, ինչն էլ հանգեցրել է օդանավի կործանմանը», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Փորձագիտական շրջանակներում, մինչդեռ կասկածում են՝ արդյոք թռչնի հետ բախվելու հետևանքով կարող էր ջարդվել օդանավի պատուհանը և ծանր մարմնական վնասվածքներ հասցնել օդաչուին:

«Թուրան» գործակալության հետ զրույցում ռազմական ավիացիայի ոլորտի փորձագետներից մեկը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ թռչունները կարող են վնասել բացառապես օդանավի շարժիչը: Որոշ փորձագետներ նշում են, որ թռչունները կարող են վնաս հասցնել օդանավի խցիկին, բայց ոչ թե ավիավթարի կամ օդաչուի մահվան պատճառ դառնալ: Մասնագետների համար հստակ չէ նաև, թե ինչու օդաչուն, որի բութ մատը մշտապես կապի կոճակի վրա է, չի կարողացել կապ հաստատել ցամաքի հետ, կամ եթե օդանավը ուժգին բախման է ենթարկվել, ինչու չի գործել ինքնանետիչը:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում: Ավիավթարից շաբաթներ անց միայն հայտնաբերվեց օդանավի հետքը, իսկ օդաչու Ռաշադ Ատակիշևի մարմինը` օրերս: Ընդ որում, որոնողական աշխատանքներն արդյունք տվեցին, երբ փրկարարական ջոկատին միացան ռուսաստանցի մասնագետները՝ գործի դնելով նաև ջրասուզային սարքավորումներ:

XS
SM
MD
LG