Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել ժամանակավոր մասնագիտացված դատարան՝ վերանայելու նախկին քաղբանտարկյալների գործերը


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանություններին առաջարկում է նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայմամբ զբաղվող մասնագիտացված ժամանակավոր դատարան ստեղծել։

«Մարտի 1-2-ի դեպքերով և փետրվարյան մոտավոր 90 մարդ է դատապարտվել, դատավճիռներ կան նրանց մեղավոր ճանաչելու մասին: Որպեսզի սա վերանայենք և դրանից առաջվա գործերը նույնպես վերանայենք, ոչ թե պետք է թողնել մարդկանց և ասել՝ դե դա ձեզ վրա է, գնացեք տարբեր դատարաններ, փաստաբան վարձեք, մարդիկ նման հնարավորություններ չունեն, ոնց ուզում արեք, այդ խնդիրները լուծեք: Այլ կարելի է ժամանակավոր ստեղծել մասնագիտացված դատարան, որը մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, և բոլորին հայտարարել, որ գնացեք, ձեր գործերով դիմեք այդ դատարան: Գործ առ գործ արխիվներից կհավաքվի մի տեղ, կվերանայվեն և արդարացնող դատավճիռներ կհրապարակվեն: Եվ կփակենք անցյալի այդ էջը», - փաստարկեց Մարուքյանը:

Նրա կարծիքով, այլապես նոր Հայաստանում մնալու ենք հին Հայաստանի մեջ, պետք է անցյալի էջը փակելը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել․ - «Որտեղից էդ միտքը ծագե՞ց: Անընդհատ նայում եմ հարցազրույցներ նախկին քաղբանտարկյալների, իրավապաշտպանների, որոնք ասում են՝ այո, պետք է արդարացվեն, բա ինչո՞ւ չեն արդարացվում, բա ինչո՞ւ ոչ մի բան չի արվում: Իսկ դատական իշխանությունը սպեցիֆիկ է, անկախ իշխանություն է: Այսինքն, մենք չենք կարող թելադրել դատարանին, թե ինչ անեն։ Մենք կարող ենք օրենք ընդունել, այդ օրենքով ստեղծել մասնագիտացված մարմինը՝ դատարանը, որովհետև ուրիշ որևէ մարմին չի կարող արդարացնել որևէ մեկին, որովհետև արդարադատությունը միայն դատարանները կարող են իրականացնել: Դրա միջոցով այդ բոլորի հարցերը լուծել և փակել այդ դատարանը: Եվ հայաստանը երբեք այլևս հետ չի գալու այն իրավիճակներին, որ մենք ունենանք քաղբանտարկյալներ կամ նման դատարանի կարիք»:

Որպես խորհրդային այլախոհ բանտում և աքսորավայրում տարիներ է անցկացրած իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, որ եթե գործող արդարադատության համակարգը չի փոխվելու և վստահություն չի ներշնչելու, ապա Էդմոն Մարուքյանի առաջարկն ընդունելի է․ - «Ես շատ կուզենայի, որ մենք ունենայինք արդարադատության համակարգ, որի պարագայում նման խնդիր չծագեր: Իսկ եթե այս համակարգը չի փոխվելու կամ փոխվելու է չափից ավելի դանդաղ, եթե այս համակարգը դեռ երկար պիտի այսպիսին մնա, ապա կարելի է իհարկե ունենալ արագ գործող, ժամանակավոր նման մի դատական համակարգ, որը կզբաղվի միայն քաղբանտարկյալների խնդիրներով»:

Էդմոն Մարուքյանը բացատրեց, թե ինչու պետք է հենց ժամանակավոր մասնագիտացված դատարանը լուծի խնդիրը․ - «Եթե մենք թողնում ենք, որ ընդհանուր իրավասության դատարանները լուծեն այդ խնդիրը, մենք այդ հարյուրավոր իրավախախտումներով զոհերին ասում ենք՝ դուք ձեր ձևով ոնց գիտեք գնացեք դիմեք տարբեր ատյանների դատարաններ: Մեկին առաջին ատյանի դատարանն է դատել, մյուսին Սյունիքում են դատել: Այո, բոլորը կարող են դիմել Վճռաբեկ դատարան՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները վերանայելու, բայց Վճռաբեկ դատարանը կծանրաբեռնվի և շատ հնարավոր է, որ չկարողանա այդ խնդիրը լուծի: Դրա համար ես ասում եմ՝ ժամանակավոր առանձին դատարան ունենալ, մասնագիտացված: Ինչո՞ւ եմ ասում մասնագիտակցված, որովհետև Սահմանադրությունն է այդպես ասում»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչ է կարծում այս առաջակի վերաբերյալ, ասաց միայն․ - «Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ առանձին կետ կլինի, որը վերաբերում է խախտված իրավունքների վերականգնմանը։
Մենք կենտրոնացել ենք ընտրական և հետընտրական գործընթաների և էս պահի դրությամբ սեփականության իրավունքից զրկման դեպքերի վրա: Կստանանք առաջարկները, կամփոփենք նաև դրանք»:

Հիշեցնենք, դեռ նախորդ շաբաթ դատախազությունը հայտարարել էր, որ շարունակելու է 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում նոր վարույթ հարուցելու և նախկինում կայացված դատավճիռները վերանայելու, գործերը նոր քննության ուղարկելու գործընթացը:

Օրերս առաջին ատյանում սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությունը: Անցած տարի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ: ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը դատարանը ամբողջովին բավարարել էր և գործն ուղարկել նոր քննության։

XS
SM
MD
LG