Մատչելիության հղումներ

«Սեքյուրիթի դրիմի» ավելի քան 20 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից


Մայրաքաղաքում լուսացույցների ու արագաչափերի տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ավելի քան 20 աշխատակիցներ աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ ազատվել են աշխատանքից:

Ընկերության նախկին տնօրենի նախկին օգնական Միքայել Պողոսյանը «Ազատությանը» հայտնեց, որ իրենք մարտի 1-ին գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով սպասվող աշխատավարձերի կրճատման դեմ․ - «Մարտի մեկին դեռ ժամը 4-ն էլ չկար վերադարձել ենք մեր աշխատանքին, երկուշաբթի օրը նորմալ, բնականոն աշխատել ենք, մարտի 5-ին առավոտյան գալով սովորականի նման աշխատանքի, տեղեկացանք, որ մեր էլեկտրոնային այցեքարտերը փակվել են, և ընկերության հիմնադիրները՝ պարոնայք Զաքարյանները մեզ տեղեկացրեցին, որ ազատված ենք աշխատանքից»:

Պողոսյանի խոսքով, իրենք ղեկավարությանը՝ արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանին նախապես տեղեկացրել են սպասվող ակցիայի մասին և որևէ խախտում թույլ չեն տվել․ - «Մենք գրավոր ներկայացրել ենք, որ պատրաստվում ենք մարտի 1-ին մինչև երկու ժամ նախազգուշականա գործադուլ իրականացնել, մենք համաձայնության ենք եկել»:

Իսկ նախկին տնօրենը վստահեցրել է, որ որևէ կրճատում չի լինելու, հակառակ դեպքում կլքի զբաղեցրած պաշտոնը: Սակայն ընկերության սեփականատերերը դրան չեն սպասել և իրենք են հեռացրել տնօրենին՝ պատճառաբանելով, որ նա լավ չէր աշխատում:

«Ընկերության նախկին տնօրենը հրաժարվել էր կատարել նման կրճատումներ՝ պայմանավորելով նրանով, որ ընկերությունը լիիրավ կարող է իրականացնել աշխատավարձերի վճարումները», - փոխանցեց Միքայել Պողոսյանը:

Ի դեպ, նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը անցած ամիս Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տվել՝ պնդելով, որ «Սեքյուրիթի դրիմի» սեփականատերերը ամսական 43 միլիոն դրամի պետական միջոցներ են յուրացրել, որոնք նախատեսված էին լուսացույցների սպասարկումն իրականացնելու համար։

Օրերս աշխատանքից հեռացվել են ևս 5 աշխատակիցներ, որոնք այդ ընթացքում բարձրաձայնել էին գործադուլի պատճառով աշխատանքից զրկվածների մասին:

Ընկերության մամուլի նախկին քարտուղար Լիլիթ Նիկոյանի խոսքով՝ նրանց իր սենյակ է հրավիրել արդեն նորանշանակ տնօրեն Արթուր Պողոսյանը՝ հորդորելով աշխատանքից ազատման դիմում գրել․ - «Նորանշանակ տնօրենը հերթով աշխատակիցներին հրավիրում էր առանձին իր մոտ և հորդորում էր ազատման դիմում գրել: Երբ որ մենք ասեցինք, որ չենք գրելու, մենք աշխատելու ենք Ձեզ հետ, մի երկու օր հետո ինքը նորից հերթով առանձին-առանձին հրավիրեց իր մոտ: Հարցնում էր՝ ո՞վ է ձեր թիկունքը , ո՞վ է ձեզ ասել, որ ընդունվեք էստեղ աշխատանքի․․․ մանրամասներ էր ուզում ճշտել: Ինձ կոնկրետ ասեց՝ Զաքարյանները քո հետ խնդիր ունեն, դու գոնե չխոսեիր, չբարձրաձայնեիր էդ խնդրի մասին, ես մի կերպ կպահեի քեզ: Բայց քանի որ դու բարձրաձայնել ես, մենք հիմա կրճատում ենք քո հաստիքը»:

Աշխատանքից հեռացվածները պատրաստվում են իրենց խնդիրը դատական կարգով լուծել:

«Ընկերությունը պետք է վճարի բոլոր աշխատակիցներին հարկադիր պարապուրդ կոչված համար և վերականգնի բոլորին իր հաստիքներում», - ասաց Միքայել Պողոսյանը:

Ընկերություն համասեփականատերեր Ալեքսան Զաքարյանը, որին մեղադրում են ապօրինությունների համար, «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ ինքը հեռացումների հետ որևէ առնչություն չունի:․ - «Դե իրանք կարային Հռոմի պապին էլ մեղադրեին, բայց ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես դրա իրավասությունը չունեմ ո՛չ ընդունելու, ո՛չ ազատելու: Եթե իրանց իրավունքները ոտնահարվել ա, թող մտնեն դատարան, իրանց իրավունքները պաշտպանեն»:

Իսկ ընկերության ներկայիս տնօրենը պնդեց, թե աշխատակիցները հեռացվել են, քանի որ աշխատանքի չեն ներկայացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG