Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ


«Ապօրինի ծառահատումներով զբաղվող անձանց հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, և Հայաստանի կառավարության հետ ոչ մեկը չի կարող շանատժի լեզվով խոսել», - այսօր Կառավարության նիստում, անդրադառնալով երեկ երեկոյան Իջևանում ոստիկանների ու ապօրինի անտառահատումների արգելքի դեմ բողոքող քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի նիստից առաջ ֆեյսբուքի իր էջում վարչապետն նաև այսպիսի գրառում էր կատարել․ - «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»:

«Ես ուզում եմ հստակ լինենք. ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ և այստեղ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել, և սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է», - գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Երեկ Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկվանից Իջևանում է՝ տեղում ոստիկանության գործողությունները ղեկավարելու համար, ուստի այսօր կառավարության նիստում հանրությանը տեղեկություններ տրամադրեց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:

Գնդապետի խոսքով, երեկ մոտ հինգ հարյուր հոգի փակելով ճանապարհը՝ պահանջում էին հանել պահակակետերը, որպեսզի կարողանան մարզից դուրս բերել ապօրինի հատված ծառերը՝ վաճառելու նպատակով․ - «Ժամը 18:00-ի շրջանում չենթարկվելով Ոստիկանության օրինական պահանջներին և փակելով արդեն բավական մեծ քանակով՝ մոտ 500 հոգով մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակում պատնեշ էր կազմել և ուզում էինք բացել փողոցները: Այդտեղ տեղի ունեցավ բախում, և այդ բողոքավոր հատվածը՝ քարերով, փայտերով, մահակներով, վնասվածքներ պատճառեցին մեր մի խումբ ոստիկաններին, ինչպես նշեցիք, 12 հոգու և 2 հոգու քաղաքացի տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն: Այո, փառք Աստծո, որ վնասվածքները լուրջ չեն և վտանգավոր չեն: 8 հոգի այժմ հոսպիտալացված են Ոստիկանության հոսպիտալում, վիճակը բավարար է, 2-ը կմնան, 6 կգնան ամբուլատոր հսկողության տակ»:

Ոստիկանությունը երեկվանից ուժեղացված ծառայության է տանում Իջևանում, ոստիկանության զորքեր են տեղափոխվել քաղաք:

Մովսիսյանը տեղեկացրեց, որ մայրուղին բաց է, իրավիճակը վերահսկվում է, Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258 (խուլիգանություն) և 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների հատկանիշներով․ - «19 հոգու բերման են ենթարկել, որոնցից այս պահին 13-ը ձերբակալված են, մնացածը ստորագրությամբ բաց են թողնված»:

Վարչապետը միջամտեց․ - «Բայց ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, պետք է շուրջ 36 հոգի առավել կազմակերպիչները․․․ 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են»:

«Պարոն վարչապետ, գիշերն իրականացվեցին օպերատիվ գործողություններ. բոլորի հասցեներով գնացել էին խմբեր, որ բերման ենթարկվեին այդ անձինք, որոնց ցուցակը մենք ունեինք: Բայց չլինելով տեղում, բացակայելով բնակության վայրից՝ հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Այդ թվաքանակից 19-ն են բերման ենթարկվել», - պատասխանեց փոխոստիկանապետ Մովսիսյանը:

Վարչապետի հարցին՝ բացառե՞լ եք նրանց հանրապետության տարածքը լքելը, Մովսիսյանը արձագանքեց՝ այո:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով երեկ նույնպես Իջևանում էր, ասաց, որ երկվա միջադեպի մասնակիցներին այլընտրանքայինն աշխատանք է առաջարկվել, կա 200 աշխատատեղ, սակայն արձագանք այդպես էլ չի եղել․ - «Ընդհանուր տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ, այլև այլ տեղերում մարզում շուրջ 200 աշխատատեղի մասին էր երեկ խոսում մարզպետը»:

Վարչապետը ճշտեց․ - «Այսինքը, էդ մարդիկ, ովքեր ասում են, որ՝ մենք մեր հացի փողն ենք աշխատում, հիմա 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի, հա՞: Ասեցի՞ք առաջարկը»:

Պապիկյան․ - Առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել մարզպետին: Ասել են, որ՝ մենք ունենք մի պահանջ, և այդ պահանջը պետք է կատարվի:

Փաշինյան․ - Ասեցի՞ք, որ էդ պահանջը չի կատարվելու: Տեղյա՞կ են բոլորը, որ էդ պահանջը չի կատարվելու:

Պապիկյան․ - Այո, այդ հայտարարությունը երեկ արվել է:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ վճռական են պայքարելու ապօրինի անտառահատումների դեմ: Իրենց աշխատանքը արդեն իսկ արդյունք է տվել Սյունիքի մարզում, ուր էականորեն նվազել են նման դեպքերը: Այժմ նույն գործընթացը շարունակվում է Լոռվա և Տավուշի մարզերում:

Խստացվում, քրեականացվում է պատիժը, փոխվել են անտառտնտեսությունների ղեկավարներ, ոստիկանության հետ հսկողություն են իրականացնում․ - «Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, երկար տարիներ խոսքը գնում է տարեկան 500 հազար խորանարդ մետրից մինչև մեկ միլիոն խորանարդ մետր»:

Թվային արտահայտությամբ, դա կարող է կազմել շուրջ 40 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG