Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատի էր տվել Ազգային անվտանգության ծառայության պետին՝ պնդելով, որ նա հայտնի գաղտնալսումներից հետո Հատուկ քննչական ծառայության պետի հետ հրավիրված ասուլիսի ընթացքում զրպարտել է իրեն ու ասել, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր։
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչները դատարանում հայտարարել են, որ Քոչարյանի ընտանիքին վերաբերող այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվն ու արժանապատվություն:
Քոչարյանի ավագ որդին Արթուր Վանեցյանից պահանջել էր հրապարակավ հերքել, իրենց որակմամբ՝ զրպարտություն պարունակող այդ տեղեկությունները տեղեկությունները։
Նրա փաստաբաններից Անի Ալավերդյանն «Ազատությանն» ասաց, թե դատարանն օբյեկտիվ քննություն չի իրականացրել, իրենց վստահորդի իրավունքները խախտվել են․ - «Դատարանը կայացրեց կանխատեսելի վճիռ: Նախևառաջ դատավարության ամբողջ ընթացքում դատավոր Աիդա Դավթյանը չկարողացավ ապահովել Սեդրակ Քոչարյանի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ չնայած, որ փորձում էր պահպանել ձևական կողմը: Երբ այդպիսի փաստական հանգամանքների վերաբերյալ ապացուցման բեռը բաշխված չի լինում, դատարանը դա չի կարող մեկնաբանել ի վնաս որևէ կողմի: Իսկ որոշակի ապացույցների վերաբերյալ՝ արդյո՞ք Սեդրակ Քոչարյանը եղել է պատշաճ հայցվոր․․․ դրա մասով դատարանը պարտավորություն ունի ամբողջական քննություն իրականացնի և փաստական հանգամանքների ապացուցման եթե կարիք կա, պետք է այդ ապացույցը բաշխի որևէ կողմի վրա։ Այլ ոչ թե հետագայում վճռով անդրադառնա և ենթադրի, որ այդ ապացույցները պատշաճ չեն: Ինչ վերաբերում է զրպարտություն համարվող արտահայտություններին, դատավորը ընդամենը ինչ-որ ենթադրական եզրակացություններ է արել: Այնտեղ պարզ փաստական հանգամանքներ կան վկայակոչված, այսինքն՝ ասուլիսի ընթացքում: Դրա ենթադրական լինելը, դրա ոչ-փաստական հանգամանք լինելը պետք է ապացուցեր մյուս կողմը: Մյուս կողմը որևէ ապացույց չէր ներկայացրել»:
ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի փաստաբաններից Վահագն Գրիգորյանը պատասխանելով Սեդրակ Քոչարյանի փաստաբանը պնդմանը՝ ասաց, թե ինչու պետք է իրենք ապացուցեին․ - «Հայցվոր կողմը այդպես էլ չկարողացավ ընդունել մեր փաստարկները, իսկ դրանք, իմ կարծիքով, լրիվ բավարար էին հայցը մերժելու համար: Նշված հայտարարության մասով ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև գործի մեջ նման հայտարարության մասին որևէ ապացույց չի եղել: Միանգամից ներկայացրել ենք ապացույցներ, որ երևում է, որ սովորական ունկնդրի մոտ չի ստեղծվել էնպիսի տպավորություն, որ պարոն Վանեցյանը նկատի է ունեցել պարոն Սեդրակ Քոչարյանին: Իսկ հակառակի մասին ապացույցներ հայցվորի կողմից արդեն չեն ներկայացվել: Վկայակոչված արտահայտությունները, որոնց մասին, ի դեպ, ևս որևէ ապացույց գործի քննության ընթացքում չի ներկայացվել հայցվորի կողմից: Այսինքն ներկայացվել է ասուլիսի սղագրություն, որը․․․ ես էլ կարող եմ ուրիշ սղագրություն ներկայացնել, ասել, որ դա է, էդպես ա եղել ասուլիսը: Որևէ տեսագրություն, ձայնագրություն անգամ պարոն Քոչարյանի փաստաբանների կողմից չի ներկայացվել գործի քննության ընթացքում՝ երևի կրկին համարելով, որ դա հանրահայտ փաստ է: Եթե լեզվաբանական տեսանկյունից վերլուծենք պարոն Վանեցյանի արտահայտությունները, որոնց մասին խոսվել է հայցադիմումի մեջ, ևս կարող ենք տեսնել, որ դրանք չէին կարող վերաբերվել պարոն Սեդրակ Քոչարյանին»:
Փաստորեն, ըստ դատարանի վճռի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը չի արատավորել Սեդրակ Քոչարյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:
Թեև Սեդրակ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ դատարանն այս վճիռը կայացրել է դատավարական նորմերի խախտումներով, այդուհանդերձ, բողոքարկելու վերջնական որոշում դեռ չունեն: