Մատչելիության հղումներ

Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով գլխավոր դերակատարաները դատարան չէին եկել


Արխիվ -- ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ասուլիսը, 11-ը սեպտեմբերի, 2018թ․
Արխիվ -- ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ասուլիսը, 11-ը սեպտեմբերի, 2018թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի գործը։

Ինչպես նախորդ նիստերին, այնպես էլ այս նիստին` ներկա չէին գլխավոր դերակատարները՝ հայց ներկայացրած Սեդրակ Քոչարյանն ու պատասխանողի կարգավիճակում հայտնված ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը գրավոր ներկայացրել է իր դիրքորոշումը պաշտպանվող կողմի ներկայացրած ապացույցների թույալտրելիության վերաբերյալ։ Դրանք, մամուլի հրապարակումներ են, և ըստ Արթուր Վանեցյանի փաստաբան Վահագն Գրիգորյանի, այդ հրապարակումները հիմնավորում են, որ ԱԱԾ պետի արտահայտություններն ուղղված չեն եղել Սեդրակ Քոչարյանին։ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների շարքում, բացի մամուլի հրապարակումներից, ներկայացվել է նաև ԱԱԾ հայտարարությունը։

«Ներկայացվել է ևս մեկ անգամ հիմնավորելու նպատակով այն փաստը, որ պարոն Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, ոչ թե որպես ֆիզիկական անձ», - հայտարարեց Վանեցյանի պաշտպանը:

Նշենք, որ պաշտպանական կողմը պնդում է, որ Վանեցյանը գործով պատշաճ պատասխանող չէ։ Իսկ հայցվոր կողմը համոզված է՝ գործով պատշաճ կողմը հենց Արթուր Վանեցյանն է։

Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանն ասում է՝ ԱԱԾ- ՀՔԾ ղեկավարների հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո հրավիրված ասուլիսում Վանեցյանը ի պաշտոնե չի արել հայտարարությունը․ - «Նա հանդես է եկել այդ օրը ոչ թե ի պաշտոնե, այլ որպես անձ՝ որոշակի հեռախոսազրույցի ձայնագրության հետևանքով: Եվ մեր հայցապահանջը ներկայացված է որպես ֆիզիկական անձի, դա վիճարկելի չէ որևէ կերպ»:

Հիշեցնեմ՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո հրավիրված ասուլիսին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել էր, որ փաստեր կհրապարակի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչպես է վեց միլիոն դոլար կաշառք ստանալու միջոցով ձեռք բերել Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգրես» հյուրանոցը: Այդ հայտարարությունից հետո Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում զրպարտության դիմաց ու հրապարակային հերքում: Ավելի ուշ Սեդրակ Քոչարյանը ներգրավվել է Կոնգրես հյուրանոցի քրեական գործում. նա մեղադրվում է փողերի լվացման և հարկեր չվճարելու համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց՝ պաշտպանվող կողմը պետք է ապացուցի, որ նախորդ տարվա ասուլիսին Արթուր Վանեցյանի հայտարարությունները չեն կրել զրպարտության տարրեր ընդդեմ Սեդրակ Քոչարյանի։

Դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստի օր է նշանակվել հունիսի 25-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG