Եթե դատարանը որոշում է կայացրել, որ խախտվել է անմեղության կանխավարկածը, և եթե կլինին հիմքեր որոնց հիման վրա պետք է բողոքարկել, կարծում եմ, որ պաշտպանները կբողոքարկեն, եթե չեն լինի հիմքեր, ուրեմն որևէ խնդիր չեմ տեսնում, այսօր Արցախում «Ազատության» խնդրանքով արձագանքելով Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբի հայտարարությանն՝ ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
Վանեցյանն այսօր ասաց․ - «Հայաստանի Հանրապետությունում դատարանն անկախ է և դատարանն ուսումնասիրում է փաստերը և կայացնում է որոշում։ Դատարանի որոշումը ենթակա է կատարման ցանկացած անձի համար, և եթե դատարանը որոշում է կայացրել, որ խախտվել է անմեղության կանխավարկածը, ես այս պահին չգիտեմ մանրամասները, որովհետև երեկվանից Արցախում եմ և չեմ ուսումնասիրելխորը, բայց եթե կլինին հիմքեր, որոնց հիման վրա պետք է բողոքարկել, կարծում եմ, որ պաշտպանները կբողոքարկեն, եթե չեն լինի հիմքեր, ուրեմն որևէ խնդիր չեմ տեսնում»։
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան: