Մատչելիության հղումներ

Նորագավիթի մաքսատան պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի կոշտ դիտողությունից հետո Նորագավիթի մաքսատան պետ Հայկ Միրզոյանը ևս աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն նրա դիմումը դեռ չի ստորագրվել։

«Ես դիմում չեմ գրելու», - հայտարարեց Անանյանը: - «Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասեցի էդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ մեկ ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք: Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որը իր ընտրությունն է: Մաքսատան ղեկավարի դիմումը գրվել է, ես բավարարելու եմ»:

Նորագավիթի մաքսատանը շրջայցի ընթացքում վարչապետին զայրացրել էր տարածքի կեղտոտ վիճակը: Սենյակներից մեկում էլ կեղտոտված դրոշը տեսնելով՝ վարչապետը շատ կոշտ նկատողություն էր արել աշխատակիցներից մեկին, որը՝ Հայկ Մարտիրոսյանը, երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, դիմումն արդեն բավարարվել է։

«Ազատությունն» այսօր ամբողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ի դեպ, այսօր տեղեկություններ տարածվեցին, թե մաքսատան աշխատակիցները դադարեցրել են աշխատանքը՝ ի նշան բողոքի:

Արա Խաչատրյանը, որը Նորագավիթի մաքսատանը գործի բերումով հաճախ է լինում, այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, իր հերթին երկար է սպասել. մեկ ու կես ժամից ավելի իրեն չեն սպասարկել․ - «Չեմ կարող հստակ ասել, բայց կարող է ծրագրային [խափանում] լիներ, նաև ի նշան բողոքի լիներ, որովհետև աշխատակիցներից, որ հարցնում եք, ասում է, որ ամենահամեստ աշխատակիցն էր էս աշխատակիցը: Ընկավ այդ ալիքի տակ»:

Պետական եկամուտների կոմիտեից հերքում են. աշխատակիցները ծրագրային խափանման պատճառով չեն կարողացել սպասարկել քաղաքացիներին։ Նաև պնդում են, թե ոչ մի բողոքի ակցիա չի կազմակերպվել: Իսկ տեղում աշխատող մաքսավորները այսօր չցանկացան մեզ որևէ մեկնաբանություն անել միջադեպի վերաբերյալ։

Մաքսատանը վարաչապետի կտրուկ քայլերից հետո իրավապաշտպաններն ու քաղաքական գործիչները քննադատեցին նրան։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վարչապետն իրավունք չուներ նման կերպ վարվել մաքսային ծառայության աշխատակցի հետ՝ ո՛չ իրավական առումով, ո՛չ էլ բարոյական․ - «Չպետք է մենք էդ ձևով խոսենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Իշխանությունը մի ձեռքով Քաղաքացու օր է հռչակում, մյուս ձեռքով՝ քաղաքացու հետ նման ձևով խոսում: Վերջին հաշվով, այո, պետական խորհրդանիշները պետք է հարգվեն, բայց քաղաքացին, մարդը բարձրագույն արժեք է, և մարդը առաջնային է»:

Մարուքյանի խոսքով, մինչև նման քայլերի գնալը, պետք էր պարզել, թե արդյոք շարքային աշխատակիցը մեղավոր է Փաշինյանի մատնանշած հարցում․ - «Պետք է ճշտել՝ էդ տղեն ա արանգել թե չէ: Եթե անգամ անարգել ա, չի նշանակում, որ պետք ա մենք էլ իրան անարգենք, ինքն էլ մարդ ա և քաղաքացի ա: Եվ էս առումով պետք ա ոչ թե թույլ օղակին կպներ, այլ հենց պետին ազատեր աշխատանքից»:

XS
SM
MD
LG