Մատչելիության հղումներ

Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի. Փաշինյանը շրջայց կատարեց Նորագավիթի ավտոմաքսատանը


Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցը սկսելուն պես վարչապետը նկատեց՝ տարածքը կեղտոտ է. ծխախոտի մնացորդներ կան գետնին, սարդոստայններ պատերին։

«Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև մաքսային ծառայության աշխատակցին նկատողություն արեց։ Փաշինյանին աշխատակցի կեցվածքը դուր չէր եկել։

«Վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մտավ մաքսատան աշխատասենյակներից մեկն, ու միանգամից աչքից չվրիպեց եռագույնը. պատվանդանը՝ ցածր, իսկ դրոշը՝ կեղտոտ վիճակում։ Կառավարության ղեկավարը կտրուկ արձագանքեց՝ աշխատանքից հեռացնել աշխատասենյակում ծառայություն իրականացնող աշխատակիցներին։

«Քանի՞ հոգի է այս սենյակում աշխատում, ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ», - ասաց նա։

Փաշինյանի նկատողությունից հետո դրոշն արդեն նախկին տեղում չէր, իսկ մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանն ասաց՝ իրենք նոր են տեղափոխվել այդ աշխատասենյակ, դրոշն էլ այլ տեղից է բերվել։

«Ճիշտն ասած, որպես այդպիսին սենյակի պատասխանատու չկա», - նշեց Մարտիրոսյանը։

«Պետք էր հասկանանք՝ ինչու էր տենց, որ մյուս անգամ տենց չլինի», - ընդգծեց Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը, ով չէր հասցրել ծանոթանալ վարչապետին վրդովեցրած միջադեպի մանրամասներին։

Թե արդյո՞ք շարքային ծառայողների պատասխանատվության տակ է մաքսատան գույքը, Բաբայանն արձագանքեց. «Եթե շարքային աշխատակիցը տեսնում է, օրինակ, դրոշը ընկած է կեղտոտ, իմ կարծիքով՝ այդտեղ շարքային աշխատակցի կամ ոչ շարքային աշխատակցի զուտ մարդկային ֆակտոր է, որ, ասենք, կարելի է էդ դրոշը վերցնել»։

Մաքսատանը դեռ պետք է ուսումնասիրեն՝ արդյոք աշխատակիցները որևէ խախտում արե՞լ են։ Մինչ այդ, վարչապետը օգնականին հրահանգեց՝ հետևել, որ իր կարգադրությունն իրականություն դառնա։ Ավելի ուշ Փաշինյանը միջադեպին նաև Ֆեյսբուքում անդրադարձավ՝ մասնավորապես գրելով. «Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»:

Մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ գործադիրի ղեկավարը ծառայության աշխատակիցներին հեռացնելու կարգադրության անելու իրավունք չուներ։

«Այդ հանգամանքների համար առաջին հերթին պատասխանատվությունը պետք է կրի ծառայության ղեկավարը, այսինքն՝ Մաքսային ծառայության ղեկավարը, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, և ինքն է պատասխանատու իր գերատեսչությունում տիրող իրավիճակի համար», - ասաց Սաքունցը։

Վարչապետն այսօր Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում հետևեց նաև քաղաքացիներից մեկի մեքենայի մաքսազերծման աշխատանքերին. հաշվեցին՝ գործընթացը 20 րոպե տևեց։

«Պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի», - նշեց Փաշինյանը։

Մաքսատանը ոչ բոլորն են 20 րոպեում սպասարկվում։ Քաղաքացիներից մեկը 3 ժամից ավելի իր հերթին էր սպասում, իսկ հերթում դեռ 60 հոգի էլ կար։

Մաքսատան երկար հերթերի մասին նախկինում ներկրողները շատ էին բարձրաձայնում՝ դժգոհելով սպասարկման որակից։ Մաքսատանը հիմա պատճաբանում են՝ հերթերի պատճառը ամենևին սպասարկման որակը չէ, մեքենաների ներկրումներն են ավելացել։

Վարչապետն անդարդարձավ հին մեքենաների ներկրման խնդրին. «Հետո էլ ասում ենք վայ վթարները, Հայաստանը ի՞նչ, մեքենաների գերեզամնո՞ց է։ Ուզո՞ւմ ենք Հայաստանը մեքենաների գերեզմանոց դառնա, թե՞ չենք ուզում, էս ամեն ինչը խնդիրներ են։ Մենք տենց ամեն ինչին նայում ենք ուղղակի», - ասաց Փաշինյանը։

Հարկային պարտավորություններից խուսափելու համար կասկածվող «Սպայկա» ընկերության թեման էլ չշրջանցվեց։ Փաշինյանը նկատեց՝ հարկային չարաշահումների մասին իմացել է վարչապետ ընտրվելուց հետո. հարկային մարմիններին հորդրորել էր՝ հետաքննությունն իրականացնել, սակայն չխաթարել «Սպայկա»-ի աշխատանքերը։

«Նրանք սրանից առիթավորվել են և սկսել են ընդհանրապես քննիչների հետ խոսալ ձեռ առնելով, արհամարհանքով և այլն, և քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ «չհասկացանք, ուրեմն մենք չենք կարա՞ գործը հետաքննենք»։ Մենաշնորհ է, հիմա եթե իրանք ուզում են բոյկոտ անեն, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան ինքը կկարգավորի։ Հեսա տեսնենք կկանգնեն, թե՞ չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրանք, չի համաձայնվի միլիոնների, դոլարների կորուստ ունենա, ինչ ա թե բոյկոտեն», - ընդգծեց վարչապետը։

Ըստ ՊԵԿ-ի՝ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս է պատճառել։ «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Ընկերությունը անհիմն է համարում Պետեկամուտների կոմիտեի մեղադրանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG