Մատչելիության հղումներ

Վարչապետը չարաշահել է իր լիազորությունները. իրավապաշտպանը՝ մաքսատան միջադեպի մասին


Գործադիրի ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները, նման կարծիք «Ազատության» հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով երեկ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք՝ վարչապետը Արարատյան մաքսատանը շրջայցի ընթացքում աշխատասենյակներից մեկում անխնամ դրոշ էր նկատել, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ կարգադրել էր աշխատանքից հեռացնել աշխատասենյակի ծառայողներին։

Մինչ Պետական եկամուտների կոմիտեից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են Արարատյան մաքսատան ծառայողների՝ վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկությունը, իրավապաշտպանները քննադատում են վարչապետի երեկվա պահվածքը։ Համոզված են՝ կառավարության ղեկավարը իրավասու չէր նման կարգադրություն անելու։ Բացի այդ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ աշխատակցին հանրայնորեն նվաստացնելը հակաէթիկական քայլ է։

«Էթիկայից դուրս է մարդուն նվաստացնել հրապարակայնորեն։ Ես կարծում եմ, որ մաքսատան աշխատակցի համար դա բավականին նվաստացուցիչ էր, և մեկ այլ բան՝ վարչապետը իրավունք չունի նրան ազատի աշխատանքից, նրան աշխատանքից կազատեր նա, ով ընդունել է նրան աշխատանքի», - նշեց իրավապաշտպանը։

«Ազատության» հետ զրույցում մաքսատան աշխատակիցն ասել էր, որ իրենք նոր են անցել ծառայության այն աշխատասենյակում, որտեղ անխնամ դրոշն էր։ Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատրաստվում էին դրոշը փոխարինել, կամ արդյո՞ք իրենք՝ որպես շարքային աշխատակիցներ, պատասխանատու են դրոշի համար, մաքսայինի աշխատակիցը ոչ միանշանակ պատասխան տվեց։

Այսօր «Ազատություն»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մաքսատանը իր արած կարգադրության մասով արդեն զեկույց ստացե՞լ է աշխատակիցների հեռացման վերաբերյալ։

«Ոչ, չեմ ստացել», - պատասխանեց Փաշինյանը։

Հարցին էլ՝ շարունակո՞ւմ է պնդել, որ ազատվեն աշխատանքից այդ աշխատողները, նա արձագանքեց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։

«Ազատության» դիտարկմանն էլ, որ իրավական առումով խնդիր կա և իրեն մեղադրում են, վարչապետն արձագանքեց. «Եթե որևէ մեկը իրավական առումով գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG