Մատչելիության հղումներ

Թրամփի քայլը կարող է նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը․ Դավիթ Բաբայան


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու որոշումը ֆունդամենտալ զարգացում է միջազգային հարաբերություններում, այն կարող է նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը և պաշտոնական Ստեփանակերտը պետք է օգտվի այդ հնարավորությունից:

«Սա իրոք շատ ֆունդամենտալ զարգացում է: Նախագահ Թրամփը փաստորեն իր որոշումը հիմնավորել է հետևյալ ձևով, որ Գոլանի բարձունքները ունեն կրիտիկական նշանակություն Իսրայելի անվտանգության համար: Այնտեղ նույնիսկ չկա որևէ հղում պատմական և այլ ինչ-որ խնդիրների վրա, սա զուտ անվտանգության տեսանկյունից է: Այս համատեքստում Գոլանի բարձունքները գրեթե նույնանման նշանակություն ունեն Իսրայելի համար, ինչպես Քարվաճառի կամ Շահումյանի շրջանը՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար», - «Ազատության» հետ զրուցում այսօր ասաց Բաբայանը:

Նա մանրամասնեց․ Գոլանի բարձունքներում են գտնվում Հորդանան գետի ակունքները, և այդ շրջանը ջրային դոնոր է Իսրայելի համար, ինչպես Քարվաճառի շրջանը Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիրը ստորագրել է երկուշաբթի երեկոյան՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անխախտ դաշինքը երբեք այդքան ամուր չի եղել, ինչպես այժմ:

Ուշագրավ է, որ իր այդ որոշումը ԱՄՆ նախագահը պատճառաբել է Իսրայելի պաշտպանունակությունը ամրապնդելու ձգտմամբ:

«Միացյալ Նահանգները ճանաչում է ինքնապաշտպանության բացարձակ իրավունքը, որով օժտված է Իսրայելը: Այժմ ես դիմում եմ պատմական մի քայլի, որն է՛լ ավելի կամրապնդի այդ երկրի պաշտպանունակությունը, հնարավորություն կտա ավելի հզոր ազգային անվտանգություն կերտել, անվտանգություն, որի իրավունքն Իսրայելը միանշանակորեն ունի», - հայտարարել է Թրամփը՝ ստորագրմանը նախորդած կարճատև ասուլիսի ընթացքում, որը ԱՄՆ նախագահն անցկացրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ Սպիտակ տանը:

Հայաստանի արտգործնախարարությունը առայժմ չի մեկնաբանում ԱՄՆ նախագահի այս քայլը:

«Մենք ամեն տեղ պետք է դա օգտագործենք որպես նախադեպ, ցույց տանք, որ մենք էլ ունենք նույն իրավիճակը: Այն, որ Թրամփը այդ որոշումը կայացրել է, և դրա հիմնավորումը հենց անվտանգության տեսանկյունից է, դա շատ լավ առիթ է տարբեր հարթակներում այն ներկայացնելու: Եվ մենք պիտի այստեղ համախմբվենք՝ Հայաստան, Արցախ, սփյուռք․․․ Սա լավագույն առիթ է: Սա կարծես թե առանց մեր աշխատանքի մեծ պարգև է․․․ Չօգտագործել դա՝ պարզապես կլինի հանցագործություն», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և այլ տերությունների քայլերը ցույց են տալիս, որ Երկրորդ աշխարհամարտից հետո գործող սահմանների անխախտելիության դրույթը այլևս սպառել է իրեն:

«Այն, որ տասնամյակներով խոսվում էր, որ հին համաշխարհային կարգը վերանում է, մոտեցումները չեն աշխատում, ինստիտուտները պարալիզացվում են և այլն, իրականություն է դառնում արդեն՝ որպես քաղաքական գիծ, գոնե Միացյալ Նահանգների կողմից: Ուրիշ երկրներ նույնպես նման ձևով են իրենց պահում․․․ Ռուսաստանը: Տեսանք, որ միակողմանի ճանաչում եղավ Աբխազիայի, Հարավային Օսիայի: Ղրիմի միացումը: Սա ցույց է տալիս, որ իսկապես արդեն հին մոտեցումները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո [հաստատված], սահմանների անխախտելիության դրույթը արդեն սպառել է իրեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Մանվել Սարգսյան
Մանվել Սարգսյան


Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Թրամփի այս որոշումը Արցախի հիմնախնդրի կարգավորման վրա, քաղաքագետը պատասխանեց․ - «Ամեն ինչն էլ ազդեցություն ունենում է: Միացյալ Նահանգները առանց այդ էլ նույնպես տենդենց են ցուցաբերում Արցախը ճանաչելու: Մենք տեսնում ենք դա ԱՄՆ-ի նահանգների կողմից․․․ Նույնը Ավստրալիայի կենտրոնական նահանգը: Տենդենցը արդեն կար»:

Սիրիայի տարածք համարվող Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ անցան 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: Իսրայելի կառավարությունն այն հրեական պետության մաս հռչակեց 1981 թվականին:

Միջազգային հանրությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Թրամփի այդ քայլը` շարունակելով ճանաչել Սիրիայի իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ:

XS
SM
MD
LG