Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ եկել է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու պահը: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը նշել է անցած գիշեր Twitter-ի իր էջում արված գրառման մեջ:
«52 տարի անց եկել է այն պահը, երբ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Ռազմավարական և անվտանգության տեսանկյունից դա խիստ կարևոր նշանակություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության պահպանման համար», - գրել է Թրամփը:
Պաշտոնապես Սիրիայի տարածք համարվող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ անցան 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: Իսրայելի կառավարությունը այն հրեական պետության մաս հռչակեց 1981 թվականին: Միջազգային հանրությունը, սակայն, քննադատեց այդ քայլը` շարունակելով ճանաչել Սիրիայի իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ:
Այժմ ահա, առաջին անգամ վերջին հինգ տասնամյակների ընթացքում, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ եկել է Գոլանի բարձունքներում առկա ստատուս քվոն ճանաչելու պահը: Ուշագրավ է, ի դեպ, որ Թրամփի այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ պաշտոնական այցով Իսրայել էր ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նենթանյահուն ակնհայտորեն հուզված էր:
«Նախագահ Թրամփը հենց նոր պատմություն կերտեց: Ես զանգահարել եմ նրան և Իսրայելի ժողովրդի անունից հայտնել եմ իմ երախտագիտությունը:Նա կրկին արեց դա: Նախ նա ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և որոշեց այդ քաղաքում տեղակայել Միացյալ Նահանգների դեսպանությունը: Հետագայում նա չեղարկեց Իրանի հետ կնքված աղետալի [միջուկային] համաձայնագիրը և նոր պատժամիջոցներ կիրառեց: Այսօրվա նրա քայլը պատմական կարևորության առումով հավասարազոր է նախորդներին: Նա ճանաչեց Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Թրամփը դա արեց մի իրավիճակում, երբ Իրանը փորձում է օգտագործել Սիրիայի տարածքը որպես պլացդարմ Իսրայելի դեմ հարձակումների, Իսրայելը ոչնչացնելու համար», - նշում էր Նեթանյահուն:
Որոշ մեկնաբանների համոզմամբ, ի դեպ, Թրամփի հայտարարությունը Իսրայելի վարչապետի համար նաև իսկական ներքաղաքական պարգև էր: Ապրիլի 9-ին Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան, և կոռուպցիոն մի շարք սկանդալների կիզակետում հայտնված Նեթանյահուի վերընտրության հեռանկարներն առայժմ բավական մշուշոտ են:
Հաջորդ շաբաթ արդեն Իսրայելի վարչապետը կժամանի Վաշինգտոն` Սպիտակ տանը հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ:
Տարածաշրջանի պետությունները արդեն իսկ խստորեն քննադատում են Միացյալ Նահանգների նախագահի որոշումը:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Թրամփի հայտարարությունը «անպատասխանատու» որակելով:
«Թրամփի անձնական և վատ հաշվարկված այս որոշումը Մերձավոր Արևելքում նոր ճգնաժամերի է հանգեցնելու», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակցի որոշման մասին խոսեց այսօր կեսօրին Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի ընթացքում:
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքներին վերաբերող ցավալի մեկնաբանությունների հետևանքով տարածաշրջանը հայտնվում է նոր ճգնաժամի, լարվածության հերթական աճի շեմին: Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծված իրավիճակում չեն կարող անհաղորդ մնալ այս զգայուն խնդրի հանդեպ: Մենք չեն կարող հանդուրժել և երբեք չեն հանդուրժի Գոլանի բարձունքների զավթման լեգիտիմացումը», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
Գոլանի բարձունքներում առկա ստատուս քվոն օրինականացնելու Թրամփի առաջարկը առանց ոգևորության են ընկալել նաև Կրեմլում: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշումը կարող է է՛լ ավելի սրել իրադրությունը Մերձավոր Արևելքում:
«Նման գաղափարը ինքնին չի նպաստում մերձավորարևելան կարգավորման նպատակներին, հակառակը: Առայժմ, սակայն, դա պարզապես կոչ է: Հուսով ենք, որ այն կոչի մակարդակում էլ կմնա», - հայտարարում էր Կրեմլի խոսնակը: