Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Գոլանի բարձունքներն Իսրայելի հսկողության տակ ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը չի նպաստի Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորմանը:
«Միանշանակ է, որ նմանօրինակ կոչերը կարող են է՛լ ավելի սրել առանց այն էլ լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այդ բուն գաղափարը որևէ կերպ չի նպաստի առկա բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Տվյալ պահին դա ընդամենը կոչ է, հուսով ենք, որ կոչ էլ կմնա», - հայտարարել է Պեսկովը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե «ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ»:
Գոլանի բարձունքները մինչև 1967 թվականը Սիրիայի մաս են կազմել: Իսրայելը դրանք գրավել է վեցօրյա պատերազմի ընթացքում:
1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունել է որոշում Գոլանի բարձունքների վրա իսրայելական իրավասությունը տարածելու մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել այդ որոշումը և բազմիցս պահանջել է բարձունքները վերադարձնել Սիրիային: