Մատչելիության հղումներ

«Գերմանիայի հայկական մաֆիան համագործակցում է իտալականի հետ»․ «Շպիգել»-ի և MDR-ի հետաքննությունը


Գերմանիայում հայկական մաֆիան համագործակցում է իտալականի՝ աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից մեկը համարվող «Նդրանգետա»-ի հետ․ համենայն դեպս, դա է վկայում հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և MDR հեռուստառադիոընկերության վերջին հետաքննությունը:

«2014-ի փետրվարին մի սև շքեղ մեքենա է պտտվել Նեապոլի փողոցներով՝ գերմանական Էրֆուրտում գրանցված համարանիշներով», - պատմում են գերմանացի լրագրողները՝ մանրամասնելով․ - «Մեքենայի ուղևորները ևս տպավորիչ են եղել՝ մի հայ, երիտասարդ մի ռումինուհի և երկու իտալացի: Եթե այդ օրը ամեն ինչ ընթանար ըստ նրանց գծած սցենարի, այսօր թերևս Գերմանիայում կշրջանառվեր ավելի քան 125 հազար եվրոյի կեղծ թղթադրամ»: Ըստ լրագրողական հետաքննության, հանցավոր այդ ծրագիրը ձախողվել է իտալացի ընդամենը երկու ոստիկանների ջանքերով, որոնք կանգնեցրել են մեքենան ու խուզարկության արդյունքում հայտնաբերել կեղծ եվրոները:

«Հային, ռումինուհուն ու երկու իտալացիներին Նեապոլում ձերբակալել են, բայց հետո՝ ընդամենը մի քանի օրից թույլ տվել, որ նրանք անարգել հեռանան երկրից, ինչից հետո Նեապոլի դատարանը նրանց դատապարտել է՝ հեռակա կարգով: Դեպքից շաբաթներ անց տեղեկատվությունը փոխանցվել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի քրեական ոստիկանությանը՝ լրջորեն մտահոգելով տեղի քննիչներին, քանի որ ամիսներ առաջ դեռ նրանք երկրամասում ապրող հայերից մի քանիսի դեմ քննություն էին սկսել՝ կեղծ թղթադրամներ շրջանառելու կասկածանքով: Նոր միջադեպի մասին տեղեկանալով՝ Թյուրինգիայի ոստիկանությունն ու դատախազությունը ակտիվացրել են քննությունը, սակայն նրանց ուշադրությունից վրիպել է մի շատ կարևոր հանգամանք», - պնդում են հետաքննող լրագրողները՝ մանրամասնելով․ - «Իրավապահներից որևէ մեկը չի ստուգել մեքենայում եղած իտալացիների ինքնությունը»:

Սեփական քննությունն անցկացնելով՝ «Շպիգել»-ը գրում է․ - «Վերջիններս իրականում ապրում են ոչ թե Իտալիայում, այլ՝ Հանովերում, իրենց հարազատ-բարեկամների հետ, ընդ որում՝ ազգակցական այդ կապի հետքերն էլ տանում են դեպի աշխարհի ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից մեկը՝ Կալաբրիայի «Նդրանգետա»:

«Կասկածները, որ հայկական ու իտալական մաֆիաները համագործակցում են, նոր չեն», - պնդում է «Շպիգել»-ը, մանրամասնելով՝ մի քանի տարի առաջ դեռ Թյուրինգիայի ոստիկանությունը արձանագրել էր, որ հայկական մաֆիայի ենթադրյալ ներկայացուցիչները իրենց տնօրինության տակ են առել տեղի իտալական ռեստորաններից մեկը, որը, ըստ առկա տեղեկությունների, ավելի վաղ պատկանում էր իտալական մաֆիային:

Օքսֆորդի համալսարանի քրեագետ Ֆեդերիկո Վարեզեին այս համագործակցությունը չի զարմացնում, մաֆիայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակը MDR-ին ասել է՝ ետխորհրդային տարածքի «հեղինակությունները» հաճախ են հովանավորչություն փնտրում իտալացիների շրջանում:

«Նրանք շատ ակտիվ են նաև թմրամիջոցների առևտրում, իմ գրքերում պատմել եմ նաև օրենքով գող համարվող մի վրացու մասին, ով կապեր էր փնտրում «Նդրանգետա»-ի հետ և փորձում նրանց աջակցությունը ստանալ Արևելյան Եվրոպայում կոկաին վաճառելու համար», - ասել է Վարեզեն:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, «Շպիգել»-ը և MDR հեռուստառադիոընկերությունը մեկ այլ ծավալուն զեկույց էին հրապարակել Գերմանիայում հաստատված հայկական մաֆիոզ խմբավորումների մասին: Լրագրողների ձեռքի տակ էին հայտնվել դաշնային ոստիկանության մի շարք գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց՝ հայկական հանցախմբերին բացահայտելու համար Գերմանիայի ոստիկանությունը տարիներ շարունակ հատուկ գործողություն է իրականացրել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ): «Այն եղել է խիստ գաղտնի, դրան աջակցել են Գերմանիայի վեց երկրամասերի, Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահները», - պատմել է հետաքննության հեղինակներից մեկը՝ MDR-ի լրագրող Աքսել Հեմերլինգը:

«Դա Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության կողմից վերջին տարիներին իրականացված ամենախոշոր գործողություններից մեկն է, որին մասնակցել են նաև այլ երկրների իրավապահներ, քանի որ օրենքով գողերը տարածված են և ազդեցություն ունեն ողջ աշխարհում: Ու թեև հետաքննությունը շարունակվել է երեք տարի, արդյունքներն աղքատիկ են՝ միջոցների, ժամանակի ու տեխնիկայի անբավարարության պատճառով», - ասել է Հեմերլինգը:

Քննության ավարտին կազմված խիստ գաղտնի զեկույցը արձանագրել է, որ Գերմանիայում իսկապես գործում է հայկական մաֆիա, որը տիրապետում է էական ֆինանսական միջոցների և սպառնում օրենքի գերակայությանը: Կասկածյալներին, սակայն, հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների անբավարարության պատճառով: «Սա, սակայն, չի նշանակում, որ իրավապահների հետաքննությունն ավարտվել է՝ այն շարունակվելու է Գերմանիայի երկրամասերում այնքան, մինչև մի օր հանգեցնի մեղադրական եզրակացությունների», - պնդում է հետաքննող լրագրողը:

Ի դեպ, շաբաթասկզբին հրապարակված հետաքննության մեջ գերմանացի լրագրողները շրջանառել էին նաև երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի անունը, վերջինս, սակայն, հետաքննական ֆիլմի հեռարձակումից ժամեր առաջ դիմել էր Բեռլինի դատարան՝ պահանջելով անհիմն պնդումներ չտարածել իր հասցեին: «Դատարանը ժամանակավոր արգելանք է դրել մեր հրապարակումների վրա, ընդ որում, որոշումը կայացվել է շտապ կարգով՝ առանց մեր տեսակետը լսելու», - հայտարարում են գերմանական լրատվամիջոցները, ընդգծելով՝ բողոքարկելու են դատարանի այդ որոշումը:

«Մեր իրավաբանական տնօրինությունն այժմ զբաղվում է այս հարցով, MDR-ն ու «Շպիգել»-ը անպայման դատարանի այդ արգելանքի դեմ բողոք կներկայացնեն, քանի որ կարծում ենք, որ մեր հետաքննությունը անաչառ է, և այս թեման մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը», - ասում է հետաքննող լրագրող Աքսել Հեմերլինգը:

Հայաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է, որ կապի մեջ է Գերմանիայի պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար:

XS
SM
MD
LG