Մատչելիության հղումներ

Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ կանչելու հարց չի քննարկվում. ԱԳ փոխնախարար


ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյան, արխիվ
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյան, արխիվ

Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ կանչելու հարց չի քննարկվում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:

Գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության համաձայն, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ: Իրավապահները, ըստ հրապարակման, արձանագրել են՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով:

«Մենք կատարել ենք հարցում։ Հարցը վերաբերում է շատ զգայուն, նուրբ խնդիրներին, մասնավորապես՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին և հեղինակությանը։ Ավելին այս փուլում չեմ կարող ասել։ Կսպասենք արդյունքներին», - նշեց Կարեն Նազարյանը։

Խորհրդարանում եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների այսօրվա նիստում փոխարտգործնախարարն ասաց, որ Հայաստանի արտգործնախարարությունը կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ մամուլում հայտնված որոշ պնդումների արժանահավատությունը ճշտելու համար, շարունակելով. - «Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա, ներկայումս մենք նպատակարմար չենք գտնում ավելին ասել կամ անել լրացուցիչ մեկնաբանություններ»։

Նազարյանն այնուհանդերձ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց՝ գերմանական մամուլի հրապարակումներն այս փուլում անհիմն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG