Մատչելիության հղումներ

Հայերի հնարավոր մասնակցությունը «մաֆիոզ խմբերին» ՀՀ հեղինակության վրա չի կարող ազդել. քաղաքական վերլուծաբան


Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը չի կարծում, թե գերմանական «Շպիգել»-ի և Mitteldeutscher Rundfunk-ի հրապարակումները Գերմանիայի դաշնային ոստիկանության կողմից հայկական մաֆիոզ խմբերի բացահայտման մասին կազդեն Հայաստանի միջազգային հեղինակության վրա։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ազգությամբ հայերի հնարավոր մասնակցությունն այդ խմբավորումներին Հայաստանի միջազգային հեղինակության վրա չի կարող ազդել, այլ հարց է, եթե Հայաստանը պետական մակարդակով մասնակից լիներ դրան։

«Ես չեմ կարծում, որ դա կազդի Հայաստանի հեղինակության վրա, որովհետև խնդիրը հետևյալն է՝ այն, որ այնտեղ ազգությամբ հայ բազմաթիվ մաֆիոզներ կարող են լինել, դա այլ հարց է, և ուրիշ հարց է, եթե Հայաստանը պետական ինչ-որ մակարդակով մասնակից է դրան, կամ աջակցում է, կամ տեղյակ է։ Այսինքն՝ ազգությամբ հայերի հնարավոր մասնակցությունն էդ խմբավորումներին Հայաստանի միջազգային հեղինակության վրա չի ազդում, Հայաստանի մասնակցությունը պետական մակարդակով կարող էր ազդել, բայց ես վստահ եմ, որ դա չի հաստատվելու և չի ապացուցվելու», - ասաց Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե խմբավորման հետ է կապվում նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Աշոտ Սմբատյանի անունը, քաղաքական վերլուծաբանն այսպես արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ դա լուրջ խնդիր է, ես կարծում եմ, որ Գերմանիայի արտգործնախարարությունը պետք է պարզաբանի դա, ավելին՝ ես վստահ եմ, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է պաշտոնապես բացատրություն պահանջի Գերմանիայի իշխանություններից, որովհետև, որքանով ես եմ ծանոթ այդ հրապարակումներին, գերմանական մամուլն առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու Հայաստանի իշխանություններին, Գերմանիայում Հայաստանի դեսպանին մեղադրել է կոնկրետ ինչ-որ հանցանքի մեջ կամ այդպիսի կասկած է հայտնել։ Այսինքն՝ Հայաստանը որպես պետություն պետք է շատ արագ, իմ կարծիքով, կոնկրետ, շատ վճռական բացատրություն պահանջի, ասի՝ «կա՛մ ապացույցներ ներկայացրեք, կա՛մ բարի եղեք հերքել ձեր այդ տեղեկատվությունը»։ Այսինքն՝ այստեղ իսկապես ես բացասական վերաբերմունք տեսնում եմ։ Բայց նորից եմ ասում՝ քանի դեռ դա հաստատված չի, քանի դեռ դա լրատվության մակարդակով է, ընդ որում՝ չստուգված, որքանով որ ես եմ կարծում, կարծում եմ, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը դեռևս չի տուժել, ուրիշ բան, եթե մենք համապատասխան քայլեր չանենք, սա կարող ենք դիտել որպես միտում, որի նպատակներից մեկն, այո՛, Հայաստանի պետականությանը, Հայաստանի միջազգային հեղինակությանը վնասելն է»։

Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Ըստ այդ հրապարակումների, հայկական մաֆիոզ խմբերին բացահայտելու համար վերջին տարիներին Գերմանիայի ոստիկանությունում հատուկ գործողություն է մշակվել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ)․ այն եղել է խիստ գաղտնի և իրականացվել է Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահների աջակցությամբ:

Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգել»-ի, եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենաընդարձակ գործողություններից մեկը: Արդյունքում իրավապահները արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով:

XS
SM
MD
LG