Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյան․ Համաներումը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել


Լրագրողների հետ հանդիպմանը Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կրկին հայտարարեց, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ 75 կողմ քվեով միաձայն ընդունված համաներումը մարդասիրական ակտ է և քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում:

«Այդ խնդիրը այս կառավարության օրոք լուծվել է: Մենք ընդունել ենք քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված, և այս պահի դրությամբ, երբ դեռ օրենքը ուժի մեջ չի մտել, քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության հիմնախնդիր չկա», - հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Համաներմամբ քրեական հետապնդումից կազատվեն նաև 2016 թվականին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց արարքները անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան: Մինչդեռ, օրինակ, Նորքի զինված խմբի անդամների վրա համաներումը չի տարածվում:

Քննադատությանը, թե համաներումը տարբերակված է կիրառվում, Զեյնալյանն արձագանքեց․ - «Սա կառավարության կամքն է: Այն կառավարության, որը շատ բարձր լեգիտիմություն ունի, և այս օրենքը ստացել է միայն կողմ քվեներ՝ 75: Մենք համաներման այս օրենքի նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել: Եթե որոշակի բացառություն կա այս կանոնից, ապա դա վերաբերում է «Սասնա ծռերին» և ապրիլի 24-ից զանգվածային անկարգության դեպքին: Ընդ որում՝ ոչ թե անհատական, այլ դարձյալ խմբային, բայց ընդհանրական»:

Համաներումը չի տարածվում ցմահ դատապարտվածների վրա: Այստեղ Արտակ Զեյնալյանը անհատական մոտեցման անհրաժեշտություն է տեսնում, ինչի սկիզբն արդեն դրվել է․ կա վաղաժամ ազատ արձակված մեկ դատապարտյալ, ևս մեկի համար Արդարադատության նախարարությունը դրական եզրակցություն է տվել․ - «Թեև կաշկանդված եմ նաև իմ ստատուսով, բայց այնուամենայնիվ կրկնում եմ, որ չափից ավելի շատ են ցմահ դատապարտյալները: Եվ մենք իրականացնում ենք քաղաքականություն այս ուղղությամբ բարելավելու իրավիճակը»:

Համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 2892 անձանցից պատժից միանգամից կազատվի շուրջ 469-ը , իսկ շուրջ 366 անձի պատժաչափը կկրճատվի:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններից հետո նոր կառավարությունում իր հետագա պաշտոնավարման հարցին՝ Զեյնալյանն ասաց, որ իր պաշտոնավարումը պայմանավորված կլինի«Հանրապետություն» կուսակցության դիրքավորմամբ:

Նախարարի պաշտոնակատարը չբացառեց ընդդիմադիր դաշտում գործելու հավանականությունը՝ շեշտելով, որ հարցը կուսակցությունում քննարկման փուլում է․ - «Կան բաներ, որոնք հետ մենք ամբողջությամբ համաձայն ենք, կան բաներ, որոնք նույնիսկ մեր առաջարկությամբ են իրականացվում, և իհարկե, չեն կարող չլինեն նաև տարբերություններ, անհամաձայնություններ․․․ Այլևս ընդդիմությունը դա թշնամություն չի: Քաղաքական ընդդիմությունը դա ուղղակի բանավեճ է, ակադեմիական բանավեճ է: Եվ չպետք է նաև լինել գերին սեփական հնչեցրած կարծիքի կամ դիրքորոշման»:

XS
SM
MD
LG