Մատչելիության հղումներ

Այսօրվա համաներումը շատ լավն է. Կոստանյան


Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գնահատմամբ, այսօրվա համաներումը շատ լավն է՝ համեմատած նախորդ համաներումների հետ։

Կոստանյանն Ազգային ժողովում կոչ արեց պատգամավորներին՝ կողմ քվեարկել համաներման նախագծին։

«Ես ինքս տարիներ առաջ անձամբ գրել եմ մեկ կամ երկու համաներման տեքստ։ Մենք երեկ արդարադատության նախարարի հետ մոտ վեց-յոթ ժամ աշխատել ենք, այսօրվա համաներումն իրականում շատ լավն է՝ համեմատած նախորդ համաներումների հետ, ես ձեզ շատ անկեղծ ասեմ՝ համեմատած նաև շատ երկրներում հայտարարված համաներումների հետ, որովհետև, խնդրում եմ, նկատի ունենանք, որ ինչքան էլ այսօր փորձենք ընդլայնել համաներման ցանկը, համաներվող անձանց ցանկը, մենք ունենք նաև միջազգային պարտավորություններ, և մենք չենք կարող նույն Եվրոպական կոնվենցիայի խախտումներով համաներենք մարդուն՝ ինչքան էլ որ մենք շատ ուզենանք», - ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Ինչևէ՝ ես առաջարկում եմ, կոչ եմ անում, որ իրոք կողմ քվեարկենք»։

Նշելով, որ ցանկացած համաներման արդյունքում հանցավորության աճ է գրանցվում երկրում, Կոստանյանը նաև կոչ արեց արդարադատության նախարարին և կառավարությանը, որպեսզի ձեռնարկեն օպերատիվ-հետախուզական կանխարգելիչ և նախականխիչ բոլոր միջոցառումները, որպեսզի հանցավորության աճ չգրանցվի։

«Հանցավոր հակումներ ունեցող անձինք պետք է միշտ գտնվեն իրավապահ մարմինների ուշադրության և հետևողական ուշադրության կենտրոնում, որպեսզի համաներումը բացասական առումով չազդի մեր հասարակության վրա, հանցավորության աճ գրանցելու տեսակետից», - ասաց Կոստանյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Կոստանյանի կոչին հայտարարեց. - «Անշուշտ, պարոն Կոստանյանը դատախազ եղել է և ունի գիտելիքներ, փորձ, և ներկայացրեց, որ հանցավորությունն աճում է։ Այո՛, մենք այս ամենը նկատի ունեցել ենք։ Նկատի ունեցել ենք և այս չափով ենք կարողանում իրականացնել համաներում` հաշվի առնելով մեր ռեսուրսները՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ռեսուրսները»։

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, օրակարգում «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծն է:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս լրագրողներին հայտնել էր, որ մեծ համաներում է սպասվում:

«Սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», - ասել էր նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG