Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց Վահագն Հարությունյանին կալանավորել երկու ամսով


«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, արխիվ
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, արխիվ

Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Նա մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ։

Որոշումը հրապարակվեց այսօր կեսօրին։ Ընդամենը մի քանի րոպե տևած նիստից հետո Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պնդեց՝ ակնհայտ էր, որ բավարարվելու էր քննիչի միջնորդությունը, քանի որ մինչև այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարություններում ոչ ուղղակի կերպով դատարանին պատրաստում էին նման որոշման ընդունմանը։

«Օրերով, շաբաթներով պատրաստում էին դատարաններին, հասարակության որոշ խմբերի, հասարակության նուրբ զգայուն թելերի վրա ազդելով, որ «Մարտի 1»-ի զոհերի 10 անձանց հետ, «Մարտի 1»-ի զոհերի հետ կապ ունի տվյալ մեղադրանքը, որը որ բացարձակապես այդպես չէ։ Փորձում էին նախապատրաստել, որպեսզի ակնկալվող որոշումը ավելի հեշտ լինի Հատուկ քնչական ծառայության համար ստանալը։ Հակառակ պարագայում դատարանին ցույց են տալիս Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կատարած դատավորների տեղը, որ տեսեք, մեր չցանկացած որոշումը կայացնելու պարագայում կհայտնվեք հասարակության պարսավանքի և իշխանության կոշտ քննադատության ներքո», - ասաց Պողոսյանը։

Ինքը՝ մեղադրյալ Հարությունյանն այժմ Մոսկվայում է, «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա երեկ պնդել էր, թե սիրտանոթային խնդիրները բուժելու նպատակով հուլիսից մեկնել է այնտեղ։

Պաշտպան Պողոսյանն այսօր հայտնեց՝ պատրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը։ Թե դատարանը ինչ հիմքով է այդ որոշումը կայացրել, դեռ չգիտի, չի ստացել իր օրինակը, բայց քննիչը իր միջնորդության մեջ պնդել է, թե Հարությունյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։

«Բացարձակապես հիմնավորված չի էդ միջնորդությունը, որովհետև էն անձը, ում որ ասում են՝ կարող է թաքնվել, ինքն անձամբ է որևէ պարտականություն չունենալով զանգում քննչական մարմնին, զրուցում քննիչների հետ, հայտնում իր գտնվելու վայրը, հայտնում իր բնակության վայրը, հեռախոսի համարները», - նշեց պաշտպանը։

Միհրան Պողոսյանը, որը ընդամենը երեկ է որպես պաշտպան ներգրավվել այս գործում, ապօրինի ու անհիմն է որակում նաև Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։ Պաշտպանն ասաց՝ այս հարցով արդեն բողոք է ուղարկել Գլխավոր դատախազին․ - «Ես կարծում եմ էս ամեն ինչի մեջ իր խոսքը պետք է ասի Գլխավոր դատախազությունը: Հակառակ պարագայում մենք զրկված ենք լինելու երբևէ արդարություն ունենալու, արդար դատաքննություն ունենալու հնարավորությունից»:

Հարցին, թե արդյոք Հարությունյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, պատրաստվում է վերադառնալ և ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, Պողոսյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալի հետ այդ թեման դեռ չեն քննարկել, երբ ավարտվի նրա բուժման կուրսը, այդ ժամանակ էլ որոշումը կկայացվի։

Սակայն Միհրան Պողոսյանը, որպես պաշտպան, այդ հարցում սեփական դիրքորոշումը ունի, հայտարարեց՝ չի պատրաստվում հորդորել Պողոսյանին հետ գալ Հայաստան․ - «Եթե մենք ունենք դատարանների հանդեպ այս աննախադեպ ճնշումը, որպեսզի վարույթն իրականցնող մարմնի ցանկացած որոշում կայացնեն դատարանները, ես իմ սուբյեկտիվ և անձնական կարծիքն եմ ասում, Վահագն Հարությունյանը վերադառնա Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ո՞ր դատարանում փնտրի արդարություն։ Մենք պետք է գնահատենք ստեղծված իրավիճակը․ եթե ակնհայտ է, որ անձի նկատմամբ իր անձի հետ կապված հետապնդում է իրականցվում, ապա ակնհայտ է, որ արդարադատության ակնկալիքով Հայաստանի Հանրապետությունում նման դատարանների գոյության պարագայում անձը որևէ ակնկալիք չունի»։

Ըստ մեղադրանքի, Հարությունյանի ցուցումով մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով։ Մինչդեռ Պողոսյանի պնդում է, թե առաջադրված մեղադրանքը հիմավորող որևէ ապացույց իրենց չի տրամադրվել, իսկ այն, ինչ կա՝ վիճարկելի է, բայց նախաքննական գաղտնիքից ելնելով հրապարակման ենթակա չէ։ Պաշտպանի պնդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը հստակ մարտավարություն է ընտրել․ հրապարակում է մեղադրանքի միայն այն հատվածը, որն իրեն է շահավետ՝ ստեղծելով իր համար ցանկալի տպավորությունը։

XS
SM
MD
LG