Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով տուժողը պնդում է՝ հարցաքննելիս Վահագն Հարությունյանը ուղղորդել է իրենց


Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ականատեսը պնդում է՝ եթե հարցաքննության ընթացքում տրվեին այդ ուղղորդումներին, ապա կստացվեր, որ իրենք իրենց էին ծեծել

2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից միայն 10 տարի անց տուժող ճանաչված Գայանե Ղազարյանը պնդում է, որ իրեն և իր մորը հարցաքննելիս «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ուղղորդել է իրենց՝ «նպատակ ունենալով կատարվածի ամբողջ պատասխանատվությունը զինված ուժերի փոխարեն բարդել ցուցարարների վրա»։

«Սադրանքն այն էր, որ ես, իհարկե, պատմում էի, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, ինքը հարցերն ուղղում էր ցուցարարների վերաբերյալ. ինչ էին անում ցուցարարները, ունեին զենքեր, թե ոչ, ձեռնափայտեր ունեին, թե ոչ, այ որ ոստիկանը հարվածեց ցուցարարին, այդ ցուցարարը ընկավ անշարժ ու մնաց, ինչ ուներ իր ձեռքին և այլն և այլն», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա: ֊ «Իհարկե նորմալ է, որ քննիչը հարցնի նաև ցուցարարների կատարած գործողության մասին, բայց նորմալ չի, երբ նա ընդհանրապես չի հարցնում ոստիկանների կատարած գործողությունների մասին։ Այսինքն՝ դու պատմում ես, թե ինչպես են 5 ոստիկան քեզ ծեծել, բայց ոչ մի հարց դրա մասին, դու պատմում ես, թե ինչպես քո աչքի առաջ ոստիկանը հարվածեց ցուցարարի գլխին, բայց ոչ մի հարց նրանց մասին, ինչ էին անում, ինչու արեցին, ինչպես արեցին, բացարձակ։ Իսկ Դուք վստա՞հ եք, որ Դուք դա տեսել եք, իսկ գուցե ցուցարարն էր սադրել, իսկ գուցե ցուցարարի ձեռքին ինչ-որ բան կար։ Բազմիցս հավաստելուց հետո, որ ոչինչ չկար, ամեն ինչ շատ հստակ եմ տեսել, հինգը ոստիկանն ինչպես են ինձ ծեծել, նույնպես շատ հստակ եմ հիշում, դժվար թե այդ հարցում սխալվեի, և այլն»:

Գայանե Ղազարյանը, ով ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի դուստրն է, պատմում է՝ մարտի 1-ին ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել. գետնին են գցել, 5 հոգով ոտքերով հարվածներ հասցրել։ Այնուհետև ոստիկաններից մեկը 24-ամյա աղջկան հրել է մերձակա շենքի շքամուտքից ներս, որտեղ եղել է նաև նրա մայրը, որը ևս ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել։

Գայանե Ղազարյան, արխիվ
Գայանե Ղազարյան, արխիվ

Նա պնդում է՝ Վահագն Հարությունյանը ակնհայտ կողմնապահությամբ է իրականացրել մարտի 1-ի դեպքերից հետո տեղի ունեցած հարցաքննությունը․ - «Երբ ես ուզում էի նշեի, թե ենթադրենք ես տեսա, թե ինչպես ջրանետ մեքենան եկավ և փորձեց արյունը լվանալ, փորձում էր շեղել դա նշելուց. գուցե Դուք ճիշտ չեք հիշում, իսկ Դուք ինչ գիտեք, որ ջրանետ մեքենան հատուկ արյան հետքերն են լվանում: Բաներ, որ շատ ակնհայտ էր՝ նրա մեջ որևէ ցանկություն չկար ոստիկանության ապօրինությունները ֆիքսել, ցուցարարի իրական ցուցմունքները ընդունել։ Հստակ նպատակ կար՝ ողջ մեղքը զինված ուժերի վրայից հանելու և ամբողջ պատասխանատվությունը ցուցարարների վրա բարդելու։ Դա շատ հստակ էր»:

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ականատեսը պնդում է՝ եթե հարցաքննության ընթացքում տրվեին այդ ուղղորդումներին, ապա կստացվեր, որ իրենք իրենց էին ծեծել։

«Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Գայանե Ղազարյանն ասում է՝ այս լուրն իրեն ինքնավստահության և արդարության զգացողություն տվեց․ - «Քանի որ հենց այդ ցուցմունքները տալու ժամանակ էլ ես իրեն ասում էի, որ սա անպատիժ չի մնալու, Ձեր այս բոլոր ուղղորդումները, Ձեր այս բոլոր ապօրինությունները, որ Դուք փորձում եք մեզ վրա բարդել, կոծկելու բոլոր փորձերը ի վերջո, Ձեր դեմ են դուրս գալու։ Ես դա իրեն շատ բաց տեքստով ասում էի, որ Դուք պատասխան եք տալու, սա հավերժ չի։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ճիշտ դուրս եկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG