«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դեռ քննարկում են, թե քարոզարշավում ինչ մարտավարություն ընտրել, բայց, պատգամավորի կարծիքով, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները վերածվելու են վարչապետի ուղիղ ընտրության։
«Ժողովուրդը պետք է, բացի իր պատգամավորին ընտրելուց, հասկանա, որ այս ընտրությունը ինքը կատարելու է նաև հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Հանրապետականը, ինչպես փոխանցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը կքննարկի հաջորդ շաբաթվա վերջին՝ ըստ ամենայնի նոյեմբերի 11-ին հրավիրվելիք համաժողովի ընթացքում: Համաժողովը կանցկացվի, հավանաբար, Երևանում, բայց կոնկրետ որտեղ, վերջնականապես չեն որոշել: Աշոտյանը վստահ է, որ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը ներկա է լինելու:
Արտահերթին մասնակցելու վերջնական որոշումը, ըստ Աշոտյանի, կուսակցության գործադիր մարմինն է կայացնելու, բայց այսօր էլ քննարկումները բուռն են: Նա վստահեցրեց, թե առայժմ կարծիք չի հայտնել Սերժ Սարգսյանը․ - «Ինքը իր վերջնական որոշումը չի ասել, կուսակցությանը վերջնական որոշում դեռ չունի: Քննարկումները շատ բաց են․ կա մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչներ շարք, և կան մարդիկ, որոնք կարծում են, որ մասնակցել չարժի: Տարբեր պատճառներով չարժի․ սկսած այն հանգամանքից, որ այս գալիք Ազգային ժողովն էլ ակնհայտորեն, ըստ այդ մարդկանց, ժամանակավոր է լինելու, և վերջացրած այն հանգամանքով, որ եթե չենք հաղթելու, ինչու մասնակցենք․․․»
Մի շարք հանրապետականների խոսքով, սակայն, տրամադրվածությունն առավելապես մասնակցելու օգտին է:
Ընտրական ցուցակի հարց, ըստ Աշոտյանի, չեն քննարկել: Եթե պայքարի մեջ մտնեն, կխոսեն նաև իրենց բացթողումներից և սխալներից, բայց նաև քարոզարշավի ընթացքում բաց չեն թողնի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քննադատելու առիթը․ - «Եթե որոշենք մասնակցել, ապա կլինի մեր հայտը այդպիսին․ ազգային ընդդիմադիր թարմացված քաղաքական ուժ»:
«Ազատության» հարցին, թե իշխանափոխությունից, իրավապահների բազմաթիվ բացահայտումներից հետո ինչու պիտի մարդիկ հավատան իրենց, Աշոտյանն արձագանքեց․ - «Տեսնենք, այդ հարյուր տոկոսանոց հայտից իրականության մեջ դատական վճիռներով մինչև վերջ քանի՞ գործ կդիմանա իշխանական քարոզչության փորձությանը»:
Հանրապետական կուսակցության մասնակցությունը առաջիկա ընտրություններին, ըստ Ալեն Սիմոնյանի, ավելի կհեշտացնի իրենց քարոզչությունը։ Ոչ միայն նրանց կառավարման տարիները, այլև հեղափոխությունից հետո Հանրապետականի գործելաոճը, Սիմոնյանի կարծիքով, խիստ բացասական է անդրադարձել նրանց վարկանիշի վրա․ - «Կարծում եմ, ժողովուրդը իր գնահատականը կտա, և այն տրամաբանությունը, որ կրկին հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության ժողովրդին խաբել, չի աշխատելու: Որովհետև նույնիսկ եթե ելնենք էն բանից, որ վեց ամսվա ընթացքում մեր կառավարությունը կարող էր մի շրջադարձային բան աներ ու չի արել, դա որևիցե կերպով չի ջնջում և մոռացության չի մատնում այն քսան տարիները, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում իրենց այդպես պահեցին»:
Հարցին, թե կկարողանա արդյոք ՀՀԿ-ն հաղթահարել անցողիկ շեմը, Սիմոնյանն արձագանքեց․ - «Հանրապետական կուսակցության ցանկում կան մարդիկ, որոնց ես կուզենամ տեսնել պետական կառավարման մեջ մասնակցության ձևով: Բայց ես կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվելու, որովհետև այդ ժամանակը անցել է»:
Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով, դեռ հստակություն չկա, թե ինչ մարտավարությամբ են գնալու քարոզարշավի:
Քննարկումներ այդ մասին, ինչպես նաև ցուցակի շուրջ, չեն եղել․ - «Այս պահին որևէ ընդհանուր քննարկում չկա»:
Գործող Ազգային ժողովը երեկ ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչի հետևանքով իրավունքի ուժով արձակվեց, և Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին: Քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին և ավարտվելու է դեկտեմբերի 7-ին: