Մատչելիության հղումներ

Քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը


ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստը, Երևան, 2-ը նոյեմբերի, 2018թ․
ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստը, Երևան, 2-ը նոյեմբերի, 2018թ․

Դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը կարճ կտևի՝ 12 օր, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Անցած տարվա հերթական ընտրություններին քաղաքական ուժերին ընտրողներին համոզելու համար տրվել էր 27 օր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրից ժամեր անց՝ այսօր հաստատեց ընտրությունների ժամանակացույցը։

«Ոչ միայն քարոզարշավն, այլև բազմաթիվ այլ գործառույթներ մենք իրականացնելու ենք ավելի կարճ ժամկետներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հարցին, թե 12 օրը բավարա՞ր է համապետական ընտրության դեպքում՝ հաշվի առնելով նաև մարզերի թիվը, Մուկուչյանը պատասխանեց. - «Հիմք ենք ընդունում գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումները»։

Արդեն այսօրվանից մեկնարկում է կուսակցությունների և դաշինքների առաջադրումը, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է:

Տիգրան Մուկուչյանը չմեկնաբանեց խորհրդարանի որոշումը՝ տապալել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները և քվեարկության գնալ գործող փաստաթղթով։

Մուկուչյան. - Քվեարկությունն իրականացվելու է նույն եղանակով, ինչ 2017 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունները։

«Ազատություն». - Տեսախցիկները կլինե՞ն։

Մուկուչյան. - Տեսախցիկների տեղադրումը, գիտեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուղղակի գործառույթը չէ, սակայն այս պահին աշխատանքներ տարվում են, որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործեն տեսախցիկներ՝ ինչպես նախորդ ընտրությունների դեպքում էր։

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, ինչպե՞ս եք գնահատում, որ հին՝ գործող Ընտրական օրենսգրքով ենք գնում ընտրությունների։

Մուկուչյան. - Ես որևէ գնահատականներ ներկայացնելուց զերծ կմնամ, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը մեկն է՝ տվյալ պահին գործող Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմակերպել Ընտրական գործընթացը։

«Ազատություն». - Հիմնական դժգոհությունը գործող օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգն է, և ասում են՝ «էլի ապաքաղաքական ընտրություն է լինելու»։

Մուկուչյան. - Մեր գործառույթը ոչ թե Ընտրական օրենսգրքի դրույթների վերաբերյալ, այն էլ այս փուլում, տեսակետ և մոտեցում ներկայացնելն է, այլ այդ կանոնակարգումներին լիարժեք, համապատասխան ընտրական գործընթացը նախապատրաստելն ու անցկացնելը։

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, Երևանի ավագանու ընտրությունները չբողոքարկվեցին, դրանք որակվեցին աննախադեպ, ազատ, արդար և թափանցիկ՝ ի տարբերություն վերջին երկու տասնամյակում անցկացված այլ ընտրությունների, ո՞րն էր դրա գաղտնիքը։

Մուկուչյան. - Դժվարանում եմ ասել, համենայն դեպս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որևէ գաղտնիք չկա, որովհետև մեր աշխատելաոճը եղել է նույնքան թափանցիկ ու հրապարակային, ինչպես բոլոր մյուս ընտրությունների կազմակերպման ընթացքում։

«Ազատություն». - Քաղաքական կամքն են վկայակոչում, օրինակ, նախորդ ընտրություններում նաև Ձեր հանձնաժողովին էին մեղադրում կեղծիքների համար։

Մուկուչյան. - Ես կարծում եմ, որ այդ հարցադրումների պատասխանները երևի թե մենք չէ, որ պետք է ներկայացնենք, իսկ ինչ վերաբերում է կեղծիքների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանումներին, որոնք կապվում էին հանձնաժողովի հետ, քվեարկության արդյունքները նյութականացվում են տեղամասերում, և չնայած նման հնչեցված տարբեր գնահատականներին, մոտեցումներին և այլն, մինչ օրս ես չեմ հիշում մեկ դեպք գոնե, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված լինի այլ տվյալներով արձանագրություն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ բան փոփոխված լինի, հետևաբար այդ պարագայում, թե ո՞րն է համարվում կեղծիքը, պետք է հարցնել նման տեսակետ ներկայացնողներից, երևի թե։

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, Դուք մտադի՞ր եք շարունակել պաշտոնավարել արտահերթ ընտրություններից հետ։

Մուկուչյան. - Ես այս պահին մտածում եմ ընդամենը մեկ բանի մասին՝ կազմակերպել պատշաճ ձևով ընտրությունները։

«Ազատություն». - Քաղաքական իշխանության հետ եղե՞լ է Ձեր հետագա պաշտոնավարման մասին քննարկում։

Մուկուչյան. - Ներողություն, կրկնեցի՝ մենք այս պահին կազմակերպում ենք և անցկացնում ենք ընտրությունները։ Դուք գիտեք, որ հանձնաժողովը ձևավորվում է որոշակի ժամկետով, հանձնաժողովը ձևավորվել է, հանձնաժողովը գործում է և հանձնաժողովի թիվ մեկ խնդիրը, որի մասին մենք այս պահին մտածում ենք, դա ընտրությունները նորմալ կազմակերպելն է։

Ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկության իրավունք ունեցողների թիվը գերազանցում է 2 միլիոն 500 հազարը: 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում կուսակցությունները և դաշինքները պետք է առաջադրեն նվազագույնը հինգ ռեյտինգային թեկնածու, այսինքն՝ քաղաքական բոլոր ուժերն ամենաքիչը 65-ական թեկնածուի անուն պիտի ներկայացնեն ընտրատարածքներում՝ չհաշված բուն՝ համամասնական ցուցակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG