Մատչելիության հղումներ

Մեխն էլ, չագուչն էլ Փաշինյանի ձեռքում է, ուզում է խորհրդարանն արձակի, ուզում է չարձակի. Շարմազանով


Հանրապետական կուսակցությունը տեսականորեն չի մերժում քննարկումները ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջև։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դեմ են հրատապ ընտրությունների քննարկմանը։

«Ազատություն». - Տևական դադարից հետո երեկ Հանրապետական կուսակցությունը կրկին գործադիր մարմնի նիստ հրավիրեց՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ինչպես նիստից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, նաև քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը։ Ի վերջո ինչպիսի՞ եզրահանգման եկաք, ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Շարմազանով. - Որևէ եզրահանգման չենք եկել որովհետև նախ Փաշինյանը դեռևս իր պաշտոնական առաջարկությամբ հանդես չի եկել, ինքը Հայաստանում չէ, կվերադառնա Հայաստան, կտեսնենք ինչ առաջարկություններով է հանդես գալիս, ինչ ֆորմատով է առաջարկում քննարկումները, ինչ բովանդակությամբ, որովհետև մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ առաջարկներ, կնստենք, կքննարկենք։ Երբ որ կգա ժամանակն, այդ ժամանակ Հանրապետականն իր բանագնացներին, կա՛մ երկխոսության գնացողներին, կա՛մ միգուցե մի հոգու, մենք չգիտենք ֆորմատ ոնց կլինի, խորհրդարանական ուժերի հետ կքննարկի։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ես ճիշտ հասկացա՞, որ Հանրապետականն, ի դեմս Սերժ Սարգսյանի, պատրաստ են ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նստել երկխոսության բանակցությունների արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։

Շարմազանով. - Քննարկումներին, ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջև, մենք տեսականորեն չենք մերժում, որովհետև մենք քաղաքական ուժ ենք և քաղաքական ուժը չի կարող մերժել երկխոսության կոչը։ Մենք կողմ ենք երկխոսությանը, մենք կողմ ենք բանակցություններին, բայց ոչ երբեք ուլտիմատումներին և սպառնալիքներին։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկել չի նշանակում համաձայնել, չքննարկել չի նշանակում կապիտուլացվել, քննարկել չի նշանակում ինչ ասի Փաշինյանը, հալած յուղի տակ ընդունել։ Քննարկել նշանակում է, որ ցանկացած քաղաքական թիմ իր օրակարգով է գալիս և ընդհանուր օրակարգի վերաբերյալ իր առաջարկություններն է անում։ Մենք, որպես քաղաքական ուժ, մի հատ կլսենք Փաշինյանի օրակարգը, կտեսնենք ինչպիսի օրակարգ է, կտեսնենք ինչպիսի ձևաչափ է առաջարկում, այն ժամանակ մենք կասենք։ Այս պահին քանի որ մենք չգիտենք ինչ օրակարգ է առաջարկելու, ինչ ձևաչափ է առաջարկելու, սպասենք, էն ժամանակ մենք մեր կարծիքը կասենք։ Տեսականորեն մենք որևէ երկխոսության երբեք դեմ չենք եղել։ Չնայած պարոն վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից նախկին իշխանություններին անվանեց ավտորիտար ռեժիմ, որը խայտառակություն էր, ես իրեն երկու հարց ունեմ և այնտեղ նստած Զոհրաբ Մնացականյանին և Վարուժան Ներսիսյանին, որոնք նախորդ այդ ավտորիտար ռեժիմի ժամանակ մեկը նախագահի խորհրդական էր արտաքին գծով, մեկն էլ բանակցողն էր Եվրամիության հետ՝ փոխարտգործնախարարն էր, հարց եմ ուզում տալ՝ էդ ավտորիտար ռեժիմի պայմաններում դուք դարձա՞ք պատգամավոր, ավտորիտար ռեժիմի պայմաններում ձեր ընդդիմադիր թերթը կարո՞ւմ էր գործել տենց ազատ, ավտորիտար ռեժիմի պայմաններում դուք կարողացա՞ք իրականացնել թավշյա հեղափոխություն։ Սեփական շահն ավելի կարևորել քան պետության շահը և Հայաստանը հավասարեցնել Ադրբեջանի հետ... ավտորիտար ռեժիմը դա Ադրբեջանն է։ Սա ծիծաղելի է և ոչ պետական գործչին հարիր պահված է, և երկրորդն՝ այդ ավտորիտար ռեժիմի հետ էին, պարոն Մնացականյան, պարոն Փաշինյան և պարոն Ներսիսյան, Եվրոպական Միությունը նոյեմբերի 24-ին համաձայնագիր ստորագրում։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչպես ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տալուց հայտարարեց, որ՝«ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ» և հրաժարական տվեց, նա կանի երկրորդ զիջումը և կհամաձայնի իսկապես երկու անգամ այլ վարչապետի թեկնածու չառաջադրել և գնալ արտահերթ ընտրությունների։

Շարմազանով. - Դուք խոսում եք մի բանի մասին, որի մասին ես այսօր պատրաստ չեմ որևէ բան ասելու։ Մենք շատ ենք առաջ ընկնում։ Դուք արդեն որոշել եք, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա՞։Ես չեմ կարծում, որ արդեն Փաշինյանը որոշել է, որ հրաժարական կտա։ Մենք հիմա գնում ենք բանակցությունների փուլին, սպասում ենք Փաշինյանի առաջարկին։ Մենք դեմ չեն արտահայտվել երկխոսությանը և բանակցություններին։ Երբ որ բանակցությունները կտեսնենք ինչով են ավարտվում, այդ բանագնացները կգնան, կգան յուրաքանչյուր կուսակցությունում կքննարկեն, յուրաքանչյուր կուսակցություն իր կարծիքը կարտահայտի։ Գնդակն էլի մի ուղղեք է Հանրապետականի ու Շարմազանովի դաշտ, ժողովուրդ ջան մենք փոքրամասնություն ենք պառլամենտում, 51 հոգի մենք չկանք, Փաշինյանն իրա կողմնակիցներով 53 հոգի ունի, ուզում է գնա արձակի-չարձակի, հրաժարական տա-չտա, ի՞նչ եք մեզնից ուզում, բայց կրկնում եմ՝ մենք մեծամասնություն չենք, ձեզ խաբել են, որ ասել են՝ «բոբո Հանրապետականները չեն թողնում», թողողն էլ է ինքը, չթողողն էլ, մեխն էլ,չագուչն էլ իրա ու իրա կոալիցիայի ձեռքում է, ի՞նչ է մեզնից ուզում։

«Ազատություն»․ - Դուք ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին: Ի վերջո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որտեղ ամրագրված է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Շարմազանով․ - Ոչ թե արտահերթ, այլ հրատապ։ Մենք արտահերթի քննարկմանը կողմ ենք, բայց մենք հրատապին ենք դեմ։ Ինչո՞ւ, որովհետև երբ կառավարության ծրագիրը քննարկվում էր, Փաշինյանը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, բայց հաստատ չի դավաճանում, նշեց, որ քանի դեռ հետհեղափոխական էյֆորին չի անցել, նպատակահարմար չի արտահերթ ընտրությունները կազմակերպել հրատապ ռեժիմով․․․ և հնարավորություն պետք է տալ, որպեսզի հետհեղափոխական էյֆորիան անցնի, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան հավասար պայմաններում իրականացնել ընտրություններ: Ավելին, նա նշեց, որ միայն Ընտրական օրենսգիրքը բարեփոխելուց հետո նոր մենք կգնան արտահերթ ընտրությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG