Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ «Հիմքեր և անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների»


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ազատության» հարցին՝ Հանրապետականը պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ինչի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի' հետ կապված քննարկումներ մենք կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»:

«Ազատություն»․ - «Այսինքն, չե՞ք բանակցի Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների շուրջ»:

Բաղդասարյան․ - Չենք ստացել նման առաջարկ, երբ որ նման առաջարկ կստանանք, մենք դրա մասին կմտածենք:

«Ազատություն»․ - Ժամկետները ձեզ համար կարևո՞ր են լինելու, թե երբ դրանք տեղի կունենան:

Բաղդասարյան․ - Մենք առաջարկ չենք ստացել և քննարկում չենք կազմակերպել: Մենք այժմ աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա:

«Ազատություն»․ - Ընդունելի՞ է բայց ձեզ համար:

Բաղդասարյան․ - Մենք աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա: Երբ որ Ընտրական օրենսգիրքը մենք կհասցնենք իր ավարտուն տեսքին, նոր այդ ժամանակ եթե․․․ Մենք հիմքեր չենք տեսնում, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների:

Կիրակի օրը Նյու Յորքում՝ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով: «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց <...> ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը», - ասել է Հայաստանի վարչապետը: «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», - ընդգծել է Փաշինյանը:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81․05 տոկոսը: Հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել, և կուսակցությունը այս ընտրություններին չմասնակցեց:

«Շնորհավորում եմ բոլորին, բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում»

«Ազատություն»․ - Կցանկանայի Ձեր գնահատականը երեկ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որտեղ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ ավելի քան 81 տոկոս: Սպասելի՞ էր:

Վահրամ Բաղդասարյան․ - Բառը մի քիչ՝ «ջախջախիչ հաղթանակ տարավ»․․․ Հաղթանակ տոնեցին, իհարկե, այս արդյունքը կարող էր լինել նաև շատ ավելի ընկալելի, ավելի ցայտուն, անձամբ վարչապետի միջամտությունը եթե չլիներ, որովհետև վարչապետի համար պետք է միևնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը, որովհետև ինքը բոլորի վարչապետն է: Ինձ թվում է՝ նույն արդյունքը նորից կապահովվեր, որովհետև բոլորը գիտեն, որ դա վարչապետի քաղաքական ուժն է, և նման վարչական ռեսուրսի մասին երբ որ խոսում ենք, եթե երկրի առաջին դեմքով նման հայտարարություններ արվում են, մի փոքր քաղաքական տեսանկյունից ընկալելի չէր պարզապես:

Իսկ ինձ համար սպասելի էր այս արդյունքները, անկեղծ ասած, շատ նորմալ է, շնորհավորում եմ բոլորին, բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ես ավագանում տեսնեի մի քանի քաղաքական ուժերի, ասենք՝ 6-7 քաղաքական ուժերի, որ ավելի քաղաքական լիներ, այսպես ասած: Բայց ինչևիցե՝ դա ժողովրդի կամքն է, իրենք են այդ կամքը արտահայտել:

«Ազատություն»․ - Իսկ ընդունո՞ւմ եք, որ վերջապես Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար, ժողովրդավար ընտրություններ, և վերջապես Հայաստանի քաղաքացին, տվյալ պարագայում՝ երևանցին, կարողացավ ազատորեն իր կամքը արտահայտել:

Բաղդասարյան․ - Պարզապես ցանկացած ընտրության ժամանակ նման կարծիքներ հայտնվում են: 17 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նույն կարծիքն է եղել բոլոր քաղաքական ուժերի կողմից և բոլոր միջազգային կառույցների կողմից, և բազմաթիվ մեր ընդդիմադիրների այն պահանջները, որոնք որ պետք է մտնեին Ընտրական օրենսգիրք, դրանք մտան, և որևէ բողոք որևէ տեղամասում չի եղել, և Սահմանադրական դատարան ընդամենը մեկ հայց է եղել՝ [Հայ ազգային] Կոնգրեսի կողմից: Ինձ թվում է, որ այս նույն գնահատականները տրվել են այն ժամանակ: <...> Անհատները չպետք է տան գնահատականներ, դրանք պետք է տան միջազգային կառույցները, դիտորդները, քաղաքական ուժերը:

«Ազատություն»․ - Դիտորդներն ասում էին, որ ի տարբերություն նախորդի՝ չկային ընտրակաշառքները համատարած, մարդկանց ավտոբուսներով, «Գազել»-ներով ընտրատեղամասեր բերելը, ինչը որ հատուկ էր ձեր իշխանության ժամանակ:

Բաղդասարյան․ - Ես չեմ մասնակցել և չեմ հետևել ընտրությունների ընթացքին, որովհետև քաղաքում չեմ եղել <...>, ուրեմն՝ կարելի է առաջընթաց արձանագրել: Մենք կսպասենք, դեռ նոր է ընտրություններն ավարտվել, արդյունքները կամփոփվեն, գնահատականները կլսենք, մենք կտանք գնահատական:

«Ազատություն»․ - Իսկ մասնակցության մասո՞վ:

Բաղդասարյան․ - Մասնակցությունը ցանկալի կլինի, որ, այն էլ՝ մայրաքաղաքի ընտրություններում, Երևան քաղաքում, նաև նախորդ ընտրությունների ժամանակ դա բավականին քիչ է եղել, ինձ թվում է, որ ցանկալի կլինի, որ եթե ոչ 80 տոկոս, գոնե 50 տոկոսից ավել մասնակցություն լինի, որ դա իմանանք, որ երևանցիների կամքն է դա:

«Ազատություն»․ - Այս ընտրությունը չի՞ արտահայտում երևանցիների կամքը:

Բաղդասարյան․ - Ընդհանուր առմամբ, ընտրողների քանակին համապատասխան՝ արտահայտում է այն կամքը, որը արտահայտել է, ընտրողների քանակին: Ես ասում եմ, որ ցանկալի կլինի, որ ավելի մեծ քանակությամբ:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ էր քիչ մասնակցությունը, ունե՞ք բացատրությունը:

Բաղդասարյան․ - Ժողովրդի այդ հավատը ապագայի նկատմամբ: Ինձ թվում է, որ մարդիկ տունը նստած, դա այնպես չի, որ Երևանում ընդամենը ընտրողների այդ քանակն է՝ 43 տոկոսն է, որ այստեղ է եղել, ես համոզված եմ, որ 85-90 տոկոս, համենայն դեպս, եղել են Երևան քաղաքում, և նրանք կարող էին մասնակցություն ունենալ: Այսինքն՝ անտարբերությունը դեռևս կա:

«Ազատություն»․ - Տեսակետ կա, որ գուցե Հայաստանում չեն նրանք, արտագաղթել են, ցուցակներում կան, բայց․․․

Բաղդասարյան․ - Դե տպավորությունն այնպիսին էր, որ այս ոգևորության ֆոնի վրա պետք է նույնիսկ դրսից գային և մասնակցեին, իրենց քաղաքացիական պարտքը կատարեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG