Մատչելիության հղումներ

«Խորհրդարանը պետք է օր առաջ ցրվի». Էդմոն Մարուքյան


«Ելք» խմբակցությունն այս առումով միասնական է՝ խորհրդարանը պետք է օր առաջ ցրվի, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բանակցությունների արդյունքում կիմանանք, թե ինչպես, մենք երկու տարբերակն էլ գիտենք․ մեկը՝ որ վարչապետն է հրաժարական տալիս, երկու փուլ ընտրություն չի լինում, մյուսը՝ որ Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվում։ Երբ որ սկսվեն բանակցությունները, այդ ժամանակ պարզ կլինի, բայց մեր տոտալ աջակցությունը խորհրդարանը ցրելուն կա, մենք այսօրվանից պատրաստվելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - ասաց Մարուքյանը։

Կիրակի օրը Նյու Յորքում՝ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով: «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց <...> ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը», - ասել է Հայաստանի վարչապետը: «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», - ընդգծել է Փաշինյանը:

Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ «Լույս» դաշինքի ձևաչափը կպահպանվի, և չբացառեց նաև դաշինքի խոշորացումը։ Հարցին, թե չի՞ բացառում վերադարձ «Ելք»-ին, նա պատասխանեց, - «Եթե վարչապետը և իշխող ուժը կարիք ունենա նման կոնսոլիդացիայի, դա կարող է քննարկվել, բայց ստացած տոկոսը ցույց է տալիս, որ դրա կարիքը չկա»։

Երևանի ավագանու երեկ անցկացված արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ վարչապետի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81․05, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6․95, «Լույս» դաշինքը՝ 4․99 տոկոսը:

Մարուքյանը պնդեց, որ դրանք չեն եղել սովորական ընտրություններ, դա եղել է պառլամենտը ցրելու մանդատի վստահության հանրաքվե՝ Փաշինյանին վստահության հանրաքվե։

«Իսկ Փաշինյանին վստահությունը, բնականաբար, որևէ մեկը չէր էլ վիճարկում», - ասաց «Լույս» դաշինքի ներկայացուցիչը՝ շարունակելով. - «Քարոզարշավի մեկնարկից 5-6 օր հետո փոխվեց, այսինքն՝ դիսկուրսը, բանավեճը՝ աղբահանություն և այլն, էդ հարցերը վերացան, եղավ հեղափոխության ամրագրման հանրաքվե՝ քվեարկություն, որը որ ակնհայտ էր այդ օրվանից սկսած, որ այդպես էլ լինելու է։ Իսկ ինչ վերաբերում է, որ մենք հայտ ենք ներկայացրել մեծամասնության համար, ապա ես չգիտեմ մի ուժ, որը ընտրությունների մեջ մտնի և ասի՝ «մենք ուզում ենք 5 տոկոս տանել, դա մեր պլան-մաքսիմումն է»:

«Ունենք այն, ինչ ունենք։ Բայց եթե նայենք ռեսուրսներին, տեսեք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 15 տարի առաջ, որն իր ռեսուրսներով թիվ մեկ ուժն է, ԲՀԿ-ից հետ ենք երկու մանդատով՝ 5 մանդատ իրենք են, 3 մանդատ՝ մենք, արդյո՞ք մենք պետք է դժգոհենք: Ես կարծում եմ, որ մենք սա պետք է գնահատենք որպես լուրջ ձեռքբերում և շարժվենք առաջ, որովհետև սա խոշորացման ճանապարհ է, և «Լույս» դաշինքը պառլամենտին ընդառաջ, բնականաբար, կոնսոլիդացվող բևեռ կարող է հանդիսանալ, և բազմաթիվ ուժեր կարող են մեզ հետ կոնսոլիդացվել», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG