Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը կբացառի ռազմական գործողությունները


Նյու Յորքում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը կբացառի ռազմական գործողությունները:

Ներկայացուցչական գագաթնաժողովին, որին ներկա են եղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ, Հայաստանի ղեկավարը խոսել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդման կարևորությունից:

«Ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ: Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները»:

Փաշինյանի խոսքով, «տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»․ - «Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը»:

Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով է Միացյալ Նահանգներում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին: Մի շարք միջոցառումներին մասնակցելուց ու երկկողմ հանդիպումներից զատ, մի քանի ժամից Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ելույթ է ունենալու աշխարհի քաղաքական թիվ մեկ ամբիոնը համարվող ՄԱԿ-ի ամբիոնից:

Ի դեպ, Հայաստանյան թավշյա հեղափոխությանը անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ «ֆանտաստիկ» որակելով Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած փոփոխությունները․ - «Մենք տեսնում ենք ավտորիտարիզմի աճը աշխարհում: Այդ առումով կարևոր է քաղաքացիական հասարակության դերը: Կարևոր է, որ մարդիկ, հատկապես երիտասարդները միավորվեն և ցույց տան, որ ժողովրդավարությունը, ազատությունը և մարդու իրավունքները ծայրաստիճան կարևոր են մեր հասարակության համար: Մենք բոլորովին վերջերս խաղաղ փոփոխության մի ֆանտաստիկ օրինակ տեսանք Հայաստանում, որը հենց երիտասարդների ջանքերով էր առաջ մղվում: Եվ դա ֆանտաստիկ օրինակ էր, որը հույս է ներշնչում, որ նոր սերունդները ավելի մեծ նվաճումներ կարձանագրեն, քան իմ սերունդը»:

XS
SM
MD
LG