Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև սերտ և ամուր համագործակցությունը ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ: Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և հավելել, որ ՄԱԿ-ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի և կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։
Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է, և հույս է հայտնել, որ Հայաստանը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Անաստասիադիսը Փաշինյանին հրավիրել է այցելելու Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում: