Մատչելիության հղումներ

«Եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց». Նիկոլ Փաշինյան


«Եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց», - Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գագաթնաժողովին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:

«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք: Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության և հավասարության ջատագով», - ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը:

«Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյո՞ք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ: Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները: Ինչպես Մանդելան մի առիթով ասել է՝ «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում», - ասել Փաշինյանը՝ շարունակելով. - «Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթնաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը»:

Վարչապետը նշել է՝ գալիս է մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը:

«Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Այս տարի մենք նշելու ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման յոթանասուներորդ տարեդարձը: Սա մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռում խորհելու այն մասին, թե ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից: Նելսոն Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար ..., և եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց»:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում նաև մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթնաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակության անդամները եղել են նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG