Զոհրաբյանն, ի պատասխան «Ազատության» հարցին, անդրադարձավ երեկ վարչապետ Փաշինյանի կոշտ արձագանքին խորհրդարանական որոշ ուժերի ներկայացուցիչների այն ակնարկներին, թե իշխող ուժի կողմից սևերի և սպիտակների բաժանումը շարունակելու դեպքում հնարավոր է, որ այդ ուժերը չաջակցեն Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում: Վարչապետն ասել էր, թե միայն մեկ ուժ կա, որը կարող է քաղաքական իրավիճակի փոխել, և այդ ուժը ժողովուրդն է:
Զոհրաբյանն ասաց․ - «Հերիք է սպառնան ժողովրդով, հերիք է անընդհատ ժողովրդով շանտաժ անեն: Մենք նման հարց չենք քննարկել այն պարզ պատճառով, որ Ազգային ժողովում նման նախագիծ դեռևս չկա: Երբ որ կգա նման նախագիծ, կքննարկենք, մեր որոշումը կկայացնենք: Ինչ որոշում էլ որ մենք կայացնենք, մեկ բան կարող եմ ասել՝ մեր որոշումը լինելու մե՛ր որոշումը և դա չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի շանտաժով: Գոնե մեզ ճանաչողները, կամ ինձ ճանաչողները պիտի իմանան, որ որևէ մեկը չի կարող գալ, ինձ ճնշել ու ասել՝ պիտի քվեարկես այսպես կամ այնպես»:
«Ես չեմ կարծում, թե էստեղ պետք է առաջնորդվել քինախնդրությամբ կամ վիրավորվածությամբ: Դա բացարձակապես այլ պրոցես է: Ես իրավական դաշտում իրենց ենթարկելու եմ պատասխանատվության․ էդտեղ երկու կարծիքի լինել չի կարող: Միջազգային կառույցներում, քանի ես ունեմ ուժ և ունակություն, ամեն անգամ բարձրացնելու եմ այս հարցը: Միջազգային կառույցները պիտի անպայմանորեն սրան արձագանքեն, և ես Ձեզ խոստանում եմ, որ արձագանքելու են: Ինչ վերաբերում է խորհրդանական արտահերթ ընտրություններին, ես սա բացարձակապես չեմ կապում քարոզարշավում իրենց անբարո վարքագծի հետ: Դրանց բացարձակ տարբեր գործընթացներ են», - եզրափակեց Զոհրաբյանը: