Մատչելիության հղումներ

«Սա առաջին ընտրությունն է, որի արդյունքների վերաբերյալ չկա կուլիսային պայմանավորվածություն»․ Փաշինյան


Այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, երեկ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամն է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական թիմ «թատրոն չի խաղում»։

«Այս ընտրությունները դուրս են ձեր իմացած տրամաբանությունից: Այսինքն՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, ոչ մի կուլիսային դավադրություն, ոչ մի կուլիսային կանխորոշվածություն: Եվ ուզում եմ ասել, որ սա Հայաստանի պատմության թերևս առաջին դեպքն է, երբ որ գործող կառավարությունը կամ տվյալ դեպքում՝ իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում, թե ոնց կիսեն քաղաքական դաշտը: Որովհետև մենք ասում ենք՝ ո՞վ ենք մենք, ո՞վ են մյուս քաղաքական ուժերը, որ ժողովրդի թիկունքում բանակցեն քաղաքական դաշտը կամ ուժերի բաշխվածությունը որևէ ձևով կիսելու մասին: Ժողովուրդն ինքն իր քվեարկությամբ կորոշի: Եվ սա է այս ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունը», - ասաց Փաշինյանը։

Նշելով, որ վարչական ռեսուրսը դուրս է ընտրական պրոցեսից՝ վարչապետը դա բացառիկ երևույթ համարեց։

«Բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են, կռիվ են տալիս ամեն ընտրողի, ամեն ձայնի համար։ Այսպիսի քարոզարշավ, երբ որ ընտրակաշառք բաժանողները, կներեք էդ բառիս համար, ընտրական տասովշչիկները, ընտրակեղծարարները և, ըստ էության, ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից, սա բացառիկ երևույթ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, սա այն դեպքն է, որ, այո, ձեզնից յուրաքանչյուրը որոշում է իր ձայնով։ Դո՛ւք եք որոշում կայացնողը, սա է էս ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունը», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Եվ այստեղից է քարոզարշավի երբեմն սրությունը, երբեմն բովանդակությունը, որովհետև հասկանում եք՝ սա առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում, այսինքն՝ բոլորը գիտեն, որ ինչ-որ տեղ թղթի վրա ընտրությունների արդյունքները գրված չի, չկա այլևս այդպիսի բան»։

Փաշինյանի ելույթը ամբողջությամբ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում․

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Մայրաքաղաքի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական, մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG