«Իմ քայլը» դաշինքն ունի քաղաքական կամք երևանցիներին տրվող բոլոր խոստումները կյանքի կոչելու համար, հայտարարում է դաշինքը գլխավորող Հայկ Մարությանը, շեշտելով, սա պետք է լինի իրենց վստահության քվե տալու հիմնական պատճառը։
«Հենց դրանումն է բանալին: Մեր քաղաքական ուժը ունի այն քաղաքական կամքը, որ իրականացնի այս բոլոր ծրագրերը», - շեշտեց քաղաքապետի թեկնածուն: - «Եթե ժողովուրդը իր քվեն տա մեզ, մենք դա վստահաբար անելու ենք, որովհետև մեզ պահող բան չկա»:
Արդեն 4-րդ օրն է՝ Մարությանը ավագանու անդամի թեկնածուների հետ վաղ առավոտից շրջում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, քարոզում, լուսանկարվում ու պատասխանում բնակիչների հարցերին։ Դաշինքն այսօր Նորք-Մարաշում էր։ Վերլուծելով բարձրաձայնվող խնդիրները՝ Մարությանն ասում է՝ գրել են ամենաիրատեսական նախընտրական ծրագիրը․ - «Արդեն վեկտորը գիտենք աշխատանքների, պատկերացնում ենք որտեղից սկսենք և ուր գնանք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից դերասան Մարությանը հայտարարում է, պատրաստ է հեռուստաբանավեճի գնալ մյուս բոլոր 11 թեկնածուների հետ։ - «Սա քաղաքակիրթ տարբերակն է, և մենք պետք է գնանք դրան: Եվ ես առաջիններից եմ, որ ասում եմ՝ այո՛, պատրաստ եմ: Բայց նաև մի պայմանով, որ բոլոր ուժերը, որոնք ներկայացված են՝ 12 թեկնածուները լինեն այս բանավեճին, բոլորն ունենան խոսելու համար հավասար ժամանակ, հավասար պայմաններ», - մեզ հետ զրույցում նշեց նա:
«Իմ քայլը» դաշինքն այսօր ևս իր քարոզարշավը կամփոփի հանրահավաքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ երեք օրերին մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքներին, խոսել նաև քաղաքական այլ թեմաներից։ Հայկ Մարությանը չի կիսում շրջանառվող այն տեսակետը, թե Երևանի ավագանու ընտրություններն ու մայրաքաղաքի վրա առկախված խնդիրները այդ ելույթներով ստվերվում են։
«Չէ, երևի դա մեկ օր է տեղի ունեցել, որովհետև այդ օրը տեղի է ունեցել, իմ կարծիքով, ահաբեկչություն: Սա ահաբեկչություն էր Հայաստանի պետականության դեմ: Սա իմ գնահատականն է, և բնականաբար երկրի վարչապետը չէր կարող դրան չանդրադառնալ», - կարծիք հայտնեց քաղաքապետի թեկնածուն:
Մայրաքաղաքի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին, ավագանու աթոռների ու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 քաղաքական ուժ։