Մատչելիության հղումներ

Մարությանը կբանավիճի, բայց բոլորի հետ, ՔՊ թեկնածուն հակադարձում է Զոհրաբյանին


Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Հայկ Մարությանը պատրաստ է նախընտրական բանավեճի, բայց պայմանով, որ կլոր սեղանի շուրջ միաժամանակ ներկա գտնվեն քաղաքապետի բոլոր 12 թեկնածուները: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի՝ երեկ հնչեցրած քննադատությանը, թե Մարությանը վախենում է բանավեճից, թաքնվում է Նիկոլ Փաշինյանի թիկունքում, ՔՊ քաղաքապետի թեկնածուն ասաց՝ կշարունակի չեզոքությունը, կոռեկտությունը պահպանել:

«Նախ՝ ամեն ուժ ինքն է որոշում քարոզարշավի իր ոճը: Կապված դեբատների հետ՝ ասեմ, որ շատ կարևոր է մեզ համար, որ լինի արդար: Մենք ունենք 12 թեկնածու, ես փաստացի ունեմ 11 հավասար օպոնենտ: Ես պատրաստ եմ գնալ դեբատների, շատ ողջունում եմ այդ միտքը, բայց պետք է լինեն բոլոր թեկնածուները և պետք է լինեն հավասար պայմաններում, ոչ մեկին չի կարելի տալ ինչ-որ առավելություն: Ոչ մի թեկնածուի չի կարելի տալ նախապատվություն»,- այսօր ասաց Մարությունը, հավելելով՝ իրեն տղամարդկության կոչ անողները «քաղաքական պրիոմներ են» անում՝ ինչ-որ արդյունքների հասնելու համար:

Երեկ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Նաիրա Զոհրաբյանը սուր քննադատության էր ենթարկել Հայկ Մարությանին՝ նրան հրապարակավ կանչելով բանավեճի: «Փախնում ա, չի գալիս, գա ի՞նչ խոսա, գա ինձ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի, վախենում ա: Հիմա էլ ասում եմ՝ տղամա՞րդ ես, հրավիրում եմ բանավեճի: Արի առանց Նիկոլի»,- ասել էր Զոհրաբյանը:

Նա նշել էր նաև, թե Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ազգականն է, սանիկը, Սերժ Սարգսյանի մերձավորը: «Հիմա մե՞նք ենք սերժական, ռոբական, թե՞ դուք»,- հարց էր հնչեցրել ԲՀԿ թեկնածուն:

Հակադարձելով այդ հայտարարությանը, Հայկ Մարությանն այսօր ասաց․ «Մենք ոչ թե ինչ-որ արյունակցական կապերով ենք մարդկանց նայում, այլ իրենց գաղափարներով, իրենց արած քայլերով, մոտեցումներով: Բայց երեկվա հայտարարությունից հետո ինձ էլ հետաքրքեց, ես խնդրեցի մեր աշխատողներին, որ տեսնեն՝ դա ինչ էր: Մենք ունենք մեր ցուցակում Միքայել Հասրաթյան անունով մարդ: Միքայել Մինասյանն ուն մի քեռու տղա նույն անունով: Ընդհանրապես տարբեր մարդիկ են: Փաստացի սա ապատեղեկատվություն է: Բալայան ազգանունով մարդ ունենք: Հենց Զորի Բալայանի ընտանիքից հաստատեցին, որ այդ մարդը ոչ մի կապ չունի իրենց հետ»:

Հայկ Մարությանը չցանկացավ գնահատել՝ ինչու քարոզարշավի կեսից «Բարգավաճ Հայաստանը» կոշտացրեց պայքարը, բառապաշարը փոխեց, թեև Նաիրա Զոհրաբյանը բացատրել էր՝ Հայկ Մարությանի թիմն անցել է սահմանը, տեղեկատվական պայքար սկսել իրենց դեմ: «Ձեզ վստահեցնում եմ, որ մենք այն ուժը չենք, որն ունի անհամար գումարներ ու կարող է պահել ոչ միայն հայաստանյան ֆեյքեր, այլ նաև Շրի Լանկայից, Մալայզիայից, Հնդկաստանից հավաքել տարբեր լայքեր: Ժողովուրդը լավ գիտի՝ ով ինչ է անում»,- ասաց Մարությանը:

Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ Հայկ Մարությանը քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն է: «Հետք» պարբերականը իմի էր բերել դերասանի ունեցվածքը՝ 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 հողամաս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, երկու բնակարան էլ Երևանի կենտրոնում: Մարությանը հիշեցրեց՝ երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել․ «Ամբողջ կյանքում աշխատել եմ և վաստակել եմ գումար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG