Մատչելիության հղումներ

Միջազգային փորձագետները կուսումնասիրեն Ամուլսարի շահագործման ազդեցությունը ստորգետնյա ջրերի վրա


Կառավարության պատվերով 10 օրից Հայաստան է ժամանելու միջազգային փորձագետների խումբ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցությունն ուսումնասիրելու համար:

Պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգրորյանը:

«Այն պահին, երբ որ պետություն ունի բավարար հիմնավորված՝ գիտականորեն, մասնագիտորեն և իրավաբանորեն, տեղեկատվություն, որ գործունեությունը բացասական ազդեցություն է ունենալու, դա ըստ էության նշանակում է, որ ՇՄԱԳ֊ում ներկայացված տեղեկատվությունը ճիշտ չի եղել, և կրկին օրենսդրորեն, նաև քաղաքական առումով պետությունը ունի իրավունք, որպեսզի համապատասխան ճիշտ որոշումը Հայաստանի Հանրապետության համար կայացնի», - փոխանցեց նախարարը:

Վայոց ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքի մերձակայքում ոսկու հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան» ամերիկա-բրիտանական ընկերությունը պնդում է, որ հանքարդյունահանությունն իրականացնելու են բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ: Ընկերությունը հայտարարել է 400 մլն դոլար ներդնելու պատրաստակամության մասին:

Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ հանքի շահագործման հետևանքով կա շրջակայքի և ստրոգետնյա ջրերի աղտոտման վտանգ: Սակայն նախկինում Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն էր տվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին:

Նախարարը պարզաբանում է, թե ինչ կարող է անել կառավարությունը, եթե այս փուլում պարզվի, որ բնապահպանական վտանգներ, այնուամենայնիվ, կան․ - «Առնվազն օրենսդրության շրջանակներում դա կարող է համարվել նոր էկոլոգիական գործոններ, և կարող է գնալ նոր փորձաքննական գործընթաց»:

«Ազատության» հարցին, թե «Լիդիանի» ներկայացուցիչները խոսում են միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համար, Գրիգորյանն արձագանքեց․ - «Յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն կարող է խոսել և ասել այն ամենը, ինչ ուզում է: Դա չի նշանակում, որ այդ ամենը լինելու է»:

Բնապահպանության նախարարը նշեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում փոփոխություն են նախատեսում: Նախագիծն արդեն կառավարությունում է:

Գործող օրենսդրությամբ գնահատումն իրականացնում է ընկերությունը, կառավարության կողմից մեկ փորձագետ եզրակացություն է տալիս․ - «Ընդհանրապես փորձաքննական եզրակացություն տրամադրող ՊՈԱԿ-ը ունի 5-6 փորձագետ, և մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետները ունեն բավարար գիտելիքներ այդ բազմաբնույթ և տարբեր ուսումնասիրությունները որակական և բովանդակային առումով գնահատելու»:

Օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա կառավարությանը մեծամասշտաբ նախագծերի դեպքում միջազգային փորձաքննություն իրականացնել, ընդ որում՝ հանքարդյունաբերությամբ զբաղվելու հայտ ներկայացրած ընկերության միջոցներով:

Ավելի վաղ, Բնապահպանության և ընդերքի պետական տեսչական մարմինը հայտարարել էր, որ ապագա հանքի տարածքում գտել են Կարմիր գրքում գրանցված Ոզնաթուփ մեխակ և «Ապոլլոն» անունով թիթեռ: Հայաստանի օրենսդրության համաձայն, Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակների առկայության դեպքում հանքարդյունաբերությունն արգելվում է:

Տեսչական մարմինը հանձնարարել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը, իսկ Բնապահպանության նախարարությանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել եզրակացությունըությունը:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գիտնականների խմբի ուսումնասիրությունը պարզել է՝ բուսատեսակն այնտեղ չի աճում, թիթեռի համար էլ տարածքը բնադրավայր չէ․ - «Այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, և չի կարող հանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր: Բացի դրանից, տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար»:

Ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում միջինում 50 տոկոսով աճել է բնապահպանության համակարգի մասնագետների աշխատավարձը, ուսումնասիրվել է ՀԷԿ-երի ջրառի ծավալները ու պարզվել՝ ջրամբարներից ջրբացթողումները ավելին են եղել, քան թույլատրվել է․ - «Ջրամբարների տակ կան ՀԷԿ-եր: Մենք վերցրել ենք ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան, բանաձևով բերել ենք ծավալներ և տեսել ենք, որ նրանք ավելին են վերցրել, քան պետք է վերցնեին: Այդ տեղեկատվությունը կրկին ամբողջությամբ փոխանցվել է տեսչական մարմին»:

Նախարարը եզրահանգմամբ՝ եթե ՀԷԿ-երի համար բացթողումները լինեին թույլատրելիի սահմաններում, ջրամբարներում ոռոգման համար ավելի շատ ջուր կմնար, և հնարավոր է Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չլիներ:

XS
SM
MD
LG