Մատչելիության հղումներ

Բնապահպանների և «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել


Կատարած ստուգումներից հետո բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա Բնապահպանության նախարարությանը առաջարկել է ուժը կորցրած ճանաչել դեռևս 2016-ին հաստատված պետական փորձաքննական եզրակացությունը և «Լիդիան Արմենիային» հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ խոսքը վերաբերում է շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման փորձաքննությանը։ Իրենց ստուգումները ցույց են տրվել, որ Ամուլսարում կան Կարմիր գրքում գրանցված երկու տեսակներ, որոնց առկայության պարագայում արգելվում է հանք շահագործել․ - «Դա բուսատեսակ է և «Ապոլոն» կոչվող թիթեռ, որի բնակատեղին գտնվում է հենց հանքավայրի բուն բաց հանքի տարածքում»:

Ըստ Գրիգորյանի, արձանագրվել են շուրջ 10 տարատեսակ խախտումներ։ Մասնավորապես, դրանցից մեկի վերաբերյալ նա դիմել է դատախազություն։

Գրիգորյանի փոխանցմամբ՝ իրենց ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության ներկայացված նախագծից կան շեղումներ, և որ նոր էկոլոգիական գործոնը հենց այդ տեսակներն են, որը օրենքի ուժով կարող է հանգեցնել փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելուն։

«Բացի այդ, կան նաև այլ գործոններ», - ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը։

Գրիգորյանը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզել, թե արդյոք «Լիդիան Արմենիա»-ի կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու արարքում հանցակազմ կա, և սահմանված կագով ընթացք տալ այդ հարցին։

Տեսչության ղեկավարը կասկածներ ունի, որ ընկերությունը առանց իրավունքի է արդյունահանել է լեռնային զանգվածը:

«Խոսքը ապօրինի ոսկի արդյունահանելու մասին չէ: Խոսքը ոչ մետաղական արդյունահանման մասին է», - ասաց նա՝ առանց մանրամասնելու:

Գրիգորյանն ասաց, որ «Լիդիանը» առարկություններ է ներկայացրել մասնավորապես կենսաբազմազանության հարցի վերաբերյալ։

Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք ադրեն երկու ամիս փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, այսօր հաղորդեցին, որ «Լիդիանն» այսօր առավոտյան փորձ է արել իր աշխատակիցներին մտցնել Ամուլսարի տարածք, սակայն իրենք թույլ չեն տվել դա անել։

Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ միջադեպ է արձանագրվել «Լիդիանի» ներկայացուցիչների և ճանապարհը երեք ամիս փակ պահող քաղաքացիների միջև։

Ընկերության ներկայացուցիչները, ըստ Գալստյանի, իրենց ուղղությամբ քարեր են նետել․ - «Քար նետեցին, շիշ նետեցին մեր ուղղությամբ ու գազի բալոնով փչեցին մեր աչքերին»:

Գալստյանն ասաց, որ «Լիդիանի» ավտոմեքենաները արդեն հեռացված են Ջերմուկի ճանապարհից․ - «Փորձում էին պրովոկացիա անեին, որպեսզի հետագայում ոստիկանությունը զբաղվի մեզանով: Կարծում եմ, կզվաղվի արդեն մեզնով, որովհետև ագրեսիվացանք․․․Իրենց հաջողվեց մեզ ափերից հանել, ու դրա պատճառով իրենք մի կիլոմետր վազելով փախել են էստեղից»:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը շեշտում է, որ եթե Հայաստանն ունենար նորմալ ղեկավարներ, այս խնդիրներն ավելի վաղ կբացահայտվեին:

Գալստյանը համոզված է, որ իրավիճակը անմխիթար է Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքավայրերում: Նա պնդում է, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միան «Լիդիանի» ներկայացուցիչները, այլև Հայաստանի մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տված պաշտոնյաները:

Գալստյանը հիշում է, որ իրենք ևս ժամանակին հայտարարում էին, որ «Լիդիանի» ծրագրում հաշվի չեն առնվել որոշ էկոլոգիական գործոններ, բայց իրենց լսող չկար․ - «Բոլորս լավ գիտենք, որ Հայաստանում բնապահպանական փորձաքննություն չի իրականացվել իրականում: Ընդհանրապես ոչ մի հանքավայրի և ոչ մի այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: Իրականացվել է միայն էն դեպքում, երբ որ եղել է պատվեր կոնկրետ, ենթադրենք, բացասական եզրակացություն տալու համար»:

Մինչդեռ «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արեն Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում հակառակը պնդեց․ - «Էդ խումբ անձինք, որոնց մեջ խմած, թմրամիջոց օգտագործած, մահակներով, շշերով, քարերով ամբողջությամբ հարձակվեցին մեր աշխատակիցների վրա, հայհոյանքով․․․ Աշխատողներ ունենք, որոնք վնասվածքներ են ստացել, էս պահին գտնվում են հիվանդանոցում»:

Մելքումյանը նշեց, որ վիճարկելու են տեսչության ստուգումները, մասնավորապես, կասկածի տակ դրեց Կարմիր գրքում գրանցված տեսակների հանգամանքը․ - «Ակտի մեջ էլ ա տենց գրված՝ ենթադրաբար սա Կարմիր գրքի բույս է, սա էլ Կարմիր գրքի թիթեռ է: Ենթադրություններ են դրանք»:

Ընկերության իրավաբանի խոսքով՝ տեսչության ստուգումների արդյունքում խախտումներ Սևանի և Ջերմուկի վերաբերյալ չեն արձանագրվել:

Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Բնապահպան ակտիվիստները, մինչդեռ, համոզված են, որ Ամուլսարում իրականացվող ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա:

Հուլիսի 16-ին ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը չի կարող փակել Ամուլսարի հանքը, եթե դրա համար չլինեն իրավական հիմնավորումներ:

XS
SM
MD
LG