Մատչելիության հղումներ

«Քոչարյանը քաղաքականությամբ կարող է զբաղվել ճաղերի հետևից»․ Սարգիս Քլոյան


Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այսօր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի որոշումը և կալանավորել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը և շուրջ երեք շաբաթ անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց՝ նրա անձեռնմխելի լինելու հիմնավորմամբ:

Վճռաբեկ բողոքին անդրադառնալով՝ Վահե Գրիգորյանն ասաց, թե դժվար է պատկերացնել, որ որևէ անաչառ դատավոր կամ դատարան տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման:

«Վերաքննիչ դատարանի նշված որոշումը ոչ միայն վտանգավոր է Հայաստանի սահմանադրական կարգի պաշտպանության պետության պոզիտիվ գործառույթի անխոչընդոտ իրականացման, այլ նաև Հայաստանում կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանության համար: Որևէ քաղաքակիրթ ազգ նման նոմինալիստական մոտեցում և իրավունքի լեգալիստական մեկնաբանություն հանդուրժել չի կարող», - ասաց Վահե Գրիգորյանը:

Մարտի 1֊-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Ազատության հետ զրույցում հույս հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը կբավարարի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքը․ - «Հույս ունենք՝ Վճռաբեկ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որովհետև չկա երկրում մի մարդ, որ լինի անձեռնմխելի, թեկուզ գործող նախահգահը: Եթե նա լինի հայրենիքի դավաճան, ինչ է, մինչև վերջ լինի նախագա՞հ: Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, էլ չեմ ասում՝ ինչ հրամաններ է տվել, ինչեր է արել 2008 թվականի մարտի 1-ին»:

Սարգիս Քլոյանի խոսքով, 10 տարի սպանվածների ծնողները պայքարել են, որ բացահատյտվի 10 հոգու սպանությունը և մեղավորները պատժվեն, սակայն ապարդյուն․ - «Տասը տարի պայքարել ենք, որ բացահայտենք Մարտի 1-ը: Առաջին դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց՝ Մարտի 1-ի էջը փակված է, երկրորդ դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց՝ սայլը տեղից կշարժվի, բայց այդպես էլ չշարժվեց»:

Մարտի 1-ին սպանված ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզան Հարությունյանը, Քոչարյանի կալանքը վերացնելու որոշում կայացրած դատավորին հակադարձեց՝ իր որդու կյանքն էր անձեռնմխելի․ - «Քոչարյանին ցմահ չէր շնորհվել անձեռնմխելիությունը: Անձեռնխելին իմ որդու կյանքն էր: Միակ անձեռնմեխլիությունը մարդու կյանքն է, որը ոչ ոք իրավունք չունի վերցնի»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդումներին, թե Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելը քաղաքական հետապնդում է, Սարգիս Քլոյանն ասաց․ - «Քոչարյան քաղաքականությամբ կարող է զբաղվել ճաղերի հետևից, դա իր իրավունքն է, բայց նա ազատության մեջ չի լինելու»:

XS
SM
MD
LG