Մատչելիության հղումներ

Այժմ էլ Քոչարյանի փաստաբաններն են հակադարձում՝ հենց ՀՔԾ-ն է զբաղված փաստերի խեղաթյուրմամբ


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, 5-ը սեպտեմբերի, 2018 թ․
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, 5-ը սեպտեմբերի, 2018 թ․

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն այսօր արձագանքել է Հատուկ քննչական ծառայության պարզաբանմանը, համաձայն որի, Քոչարյանի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնում պահելն իրավաչափ է:

Երեկ պաշտոնաթող նախագահի փաստաբանները հայտարարել էին, որ օգոստոսի 13-ին Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէր, նրա անձնագիրը չպետք է պահվեր հատուկ քննչական ծառայությունում, քանի որ այդպես վարվելը, ըստ Սահմանադրական դատարանի, հակասում է մայր օրենքին:

Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հակադարձեց՝ կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի կողմից ժամանակավորապես վերցնելը Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել: ՀՔԾ-ն նաև հայտարարեց՝ Քոչարյանի պաշտպանները կա՛մ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթ չեն, կա՛մ ցանկանում են փաստերը խեղաթյուրել, հասարակությանը մոլորեցնել ու ստվերել քննչական մարմնի գործունեությունը:

Այսօր արդեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն է հակադարձել ՀՔԾ-ի հիշյալ հայտարարությանը, պնդելով՝ փաստերի խեղաթյուրմամբ ՀՔԾ-ն է զբաղված, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը՝ անձնագիրն առանց խափանման միջոցի ընտրման վերցնելու անթույլատրելիության մասին, վերաբերում է նաև կասկածյալներին և մեղադրյալներին:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՔԾ-ի սահմանած խափանման միջոցին այսօր անդրադարձել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Ռոբերտ Քոչարյանն այն մարդկանց թվին է պատկանում, որոնց ես ընդհանրապես չեմ վստահում: Այդ առումով, կարծում եմ, որ ինքը բավականին լծակներ ունի՝ ազդելու նախաքննության վրա: Ինքը տիրապետում է լուրջ գաղտնիքների: Իհարկե՝ ինքը կամային մարդ է, ոչնչի առաջ չկանգնող, ինչն ապացուցել է նաև [2008 թ․] մարտի 1-ին: Հետևաբար այդ մարդու նկատմամբ կալանքից տարբեր խափանման միջոց ընտրելը իմ՝ ոչ իրավաբանի՝ ինժեների կարծիքով՝ սխալ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Գլխավոր դատախազությունն օրերս բողոք ներկայացրեցՎճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։ Վճռաբեկ բողոք ներկայացրեցին նաև Քոչարյանի պաշտպանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG