Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին


Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, «Ազատությանը» փոխանցեց ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Երեկ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանն» ասել էր, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ «Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ»,- ասել էր փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Այսօր Արամ Օրբելյանը «Ազատությանն» ասաց, որ ՀՔԾ-ի որոշմանը դեռ ծանոթ չեն, և դրան նախկին նախագահի պաշտպանական խումբը կանդրադառնա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG