Մատչելիության հղումներ

ԱԺ֊ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ընտրախախտումների քրեականացում նախատեսող օրինագիծը


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական հանցագործությունների համար պատասխանատվությունը խստացնող փոփոխությունների փաթեթը, ընդ որում՝ միաձայն։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց․ - «Մեր պատգամավորների կողմից հնչեցված առաջարկություններին հիմնական զեկուցողը արձագանքեց բանավոր ձևով, որ դրանք ընդունելի են: Մենք առաջին ընթերցմամբ կքվեարկենք կողմ, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ, երբ որ տեքստը պարտաստ կլինի, լրացուցիչ կհայտնենք մեր կարծիքը»:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ամբիոնից հայտարարեց, որ իրենց նպատակը քաղաքացիների ազատ ու անկաշկանդ ընտրության իրավունքի ապահովումն է:

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել քարոզչության ժամանակ քվեարկության նախորդ ու քվեարկության օրը բարեգործության անվան տակ ընտրողներին դրամ, սննդամթերք, ապրանքներ տալը, խոստանալը, կամ ծառայություններ մատուցելը, անգամ մատուցման խոստում տալը:

Թվարկաված արարքները այս պահին վարչական իրավախախտում են համարվում, Արթուր Հովհաննիսյանի խոսքով, պատժվում է առավելագույնը 2,5 միլիոն դրամ տուգանքով, այնինչ կառավարությունը կարծում է, որ այդ գործողությունները պակաս չեն ընտրակաշառք տալուց կամ առաջարկելուց, ուստի պետք է պատժվի քրեորեն՝ 3-6 տարվա ազատազրկմամբ։

«Ուղղակի կաշառք տալու քողարկված կամ այլ միջոց է», - բնորոշեց փոխնախարարը:

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել նաև քվեարկության գաղտնիության խախտումը․ - «Պետք է երկու միաժամանակյա պայման լինի: Առաջինը, հրապարակելը քվեարկության արդյունքը պետք է լինի շահադիտական դրդումներով կամ նախապես խոստացված: Եվ երկրորդը, պետք է հրապարակվի լուսանկար, տեսաձայնագրություն, որով հստակ երևում է, թե կոնկրետ ինքը ում է ընտրել: Միայն այս դեպքում է վրա հասնում քրեական պատասխանատվությունը»:

Ըստ Արդարադատության փոխնախարարի, փաթեթի ընդունման դեպքում վարչական պատասխանատվություն է սպասում նաև ընտրական տեղամասում գտնվելու կանոնները խախտողներին: Միևնուն ժամանակ, ընտրական խախտումներ արձանագրած դիտորդները կամ կուսակցությունների ներկայացուցիչները ևս կստանան վարչական դատարան դիմելու իրավունք՝ շրջանցելով ընտրական հանձնաժողովները․ - «Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղակամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը, եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո, կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը, եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջից հետո: Սանկցիան նախատեսում են 50 հազար դրամ»:

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանություն կորցրած Հանրապետականի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանին էր հետաքրքրում՝ նախատեսվող խստացումները չե՞ն վանի ընտրողներին: Արթուր Հովհաննիսյանը չկիսեց պատգամավորի կարծիքը:

«Որովհետև իրականում շատերը չեն ուզենա այս խստացումների դեպքում մասնակցել ընտրություններին, այն էլ այս մթնոլորտում, երբ բոլորը բոլորի դեմ ինչ-որ գործեր են հարուցում», - ասաց Աճեմյանը:

«Ելք»-ից Հայկ Կոնջորյանը արձագանքեց․ - «Կատարյալ աբսուրդ ա էս հիմնավորումը: Ոնց որ ասենք եկեք ճանապարհատրանսպորտային օրենքում փոփոխություններ չանենք, որովհետև վարորդների մի մասը կասի՝ ես մեքենա չեմ քշի, եթե պիտի օրենքը չխախտեմ»:

Ընտրակաշառքի ստանալը կամ պահանջելը այժմ էլ քրեորոն պատժելի են: Կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու մասին ձևակերպումը, որով կառավարությունն առաջարկում է մինչև երեք տարվա ազատազրկում սահմանել, Ազգային ժողովի հանրապետական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, անհրաժեշտ է հանել նախագծից․ - «Կասե՞ք ինձ, խոստումը ընդունելը ինչպես է դրսևորվելու: Կաշառքը ստանալը, հարգելի գործընկերներ, հստակ է»:

Որոշ առաջարկներ, այդ թվում Հովհաննիսյանի հնչեցրածը, փոխնախարարան ասաց՝ կընդունեն:

«Ելք»-ից Լենա Նազարյանը մանրամասն անդրադարձավ հանրապետականների իշխանության ընթացքում անցկացված ընտրություններին արձանագրված խնդիրներին՝ ասելով, որ անխնա չարաշահվել է վարչական ռեսուրսը․ - «Առաջիկա և հաջորդ ընտրությունների ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք տալը և ստանալը»:

«Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե մուլտիմիլիոնատրերերը», - հայտարարեց Հայկ Կոնջորյանը: - «Որովհետև ովքե՞ր տալիս էդ գումարը վերջին գումարման խորհրդարանների ընթացքում և նաև այսօր: Ունենք էս դահլիճում նստած դոլարային միլիոնատերեր, մուլտիմիլիոնատերեր: Ասացեք ինձ, խնդրում եմ, ո՞րն է դոլարային մուլտիմիլոնատիրոջ մոտիվացիան, որ ինքը ընտրվում ա պատգամավոր, որպեսզի 450 հազար դրամ աշխատավարձով ծառայի սեփական ժողովրդին»:

Հայտարարությունը դուր չեկավ հանրապետական Էդուարդ Շարմազանովին, թե՝ կա անմեղության կանխավարկած, թող Կոնջորյանը անուններ հնչեցնի, նույնիսկ իրավապահների ուշադրությունը հրավիրեց։

Շարմազանովը կարծում է, թե ժամանակը կարճ է, որպեսզի մարդիկ փոփոխություններին տեղեկանան․ - «Էդ մոլուցքից դուրս եկեք մարդկանց բռնելու, դուրս եկեք էդ վախի մթնոլորտից: Իհարկե, ով հանցագործություն արել ա, պետք ա պատժվի: Բայց այստեղ կա հանրային իրազեկման խնդիր․ մի քանի օրում երեք միլիոն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու»:

Կառավարությունը նախատեսում է այս փոփոխությունները կյանքի կոչել արդեն մայրաքաղաքի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատասխանեց բոլոր նրանց, ովքեր սեղմ էին համարում մարդկանց իրազեկելու ժամկետները․ - «Քսան տարին հերիք չէր հա՞, որ հասկանալի լինի: Տենց լավ դատախազներ և իշխանություն ունենալը հերիք չէր, հիմա պըտի մի քսան օր էլ բան անենք, որ մարդիկ իմանան: Ասում եմ, իմացեք՝ կաշառք չի բաժանվելու»:

XS
SM
MD
LG