Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրողների ցուցակների ճշգրտման արդյունքում հայտնաբերվել են 522 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ ընդգծելով՝ թիվը նախորդ ընտրության համեմատ աճել է։
«2017 թվականի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների ցուցակների ճշգրտման աշխատանքներում հայտնաբերվել են 352 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ։ Դրանք այն անձանց տվյալներն են, որոնց մահը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով։ Եթե գրանցված է լինում սահմանված կարգով, ՔԳԱԿ մարմինը, ավտոմատ եղանակով մահվան վկայականը տպագրելով, անձնագիրն անվավեր է ճանաչում, և ռեգիստրից դուրս է գրվում։ Այս գործընթացի շրջանակներում Ոստիկանության պետի տրված հանձնարարականների, հրամանի համաձայն, Ոստիկանությունը կրկին այցելություններ կատարեց բնակարաններ՝ հայտնաբերելու անճշտությունները։ Հայտնաբերվել են 522 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, թիվը նախորդ ընտրության համեմատ աճել է, դեռ աշխատանքները շարունակվում են», - ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը։
Ըստ Բիչախչյանի, Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ցուցակներում «մեռած հոգիներ» չլինեն։
Վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ անգամ եթե ընտրացուցակներում մահացած անձանց անուններ լինեն, միևնույն է նախկին բացասական արդյունքը չի լինելու։
Հարցին, թե ինչպե՞ս է սա երաշխավորում, որ նրանց փոխարեն չեն գնալու և քվեարկեն, Իոաննիսյանը պատասխանեց. - «Ենթադրենք ինչ-որ մահացած անձ ցուցակում է, ինքնին դա խնդի՞ր է, գործնականում՝ ոչ, խնդիրն այն է, որ իրենց փոխարեն չքվեարկեն։ Դա նախ էլեկտրոնային գրանցման սարքերն են, երկրորդը՝ ցուցակների հրապարակման ինստիտուտն է։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ ընտրողների ստորագրացուցակները հրապարակում են, և եթե բացակա կամ մահացած քաղաքացու փոխարեն քվեարկության դեպք լինի, դա կարող են քաղաքացիները տեսնել, բարձրաձայնել և այլն, ստեղ ռիսկ կար, որովհետև Քրեական օրենսգիրքը բավականին խնդրահարույց ձևակերպում ուներ այն անձանց նկատմամբ, ովքեր այլ անձի փոխարեն քվեարկության մասին հայտարարություն կտան, և շատ հաճախ քաղաքացիները վախենում էին դիմել: Այս առումով արդեն չեն կաշկանդվի նման դեպքեր տեսնելուց հայտնել ընտրական հանձնաժողովներին»։
Նշենք, որ օգոստոսի 30-ին կառավարությունը հավանություն տվեց Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների փաթեթին և այն ուղարկեց Ազգային ժողով հաստատման։ Ազգային ժողովը հարցը կքննարկի սեպտեմբերի 6-ի արտահերթ նիստում։
Կառավարությունը նաև սահմանադրական բարեփոխումներ է նախաձեռնել։ Փաթեթը շուտով պատրաստ կլինի, և կառավարությունն այն կուղարկի Ազգային ժողով՝ հաստատման։
Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ, իսկ, ըստ վարչապետի, ամենաուշը 2019-ի մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։